Բնապահպանները «Խոսրովի անտառ»-ի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ են պահանջում

«Խոսրովի արգելոց» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները կոչ են անում չեղյալ հայտարարել «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսրովի արգելոց» նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը:

Նախաձեռնությունների տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի գործունեության և կառավարման խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք և ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք նաև օգտվել ենք սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական դրույթներից և ջանքեր գործադրել որոշումների ընդունման մասնակցային գործընթաց ապահովելու ուղղությամբ:

Մրցույթի կապակցությամբ մենք արտահայտել ենք մեր մտահոգությունները նախարարության ներկայացուցիչներին, մասնավորապես` փոխնախարար Խաչիկ Հակոբյանին, որ չափազանց կարևորում ենք գործընթացի թափանցիկությունը և պրոֆեսիոնալ ու նվիրյալ թեկնածուի ընտրությունը, իսկ նշված ժամկետը բավարար չէր նվիրյալ մասնագետների համախմբելու և թեկնածություն առաջադրելու համար: Մեզ փոխնախարար Հակոբյանը խոստացել էր, որ մրցույթի ժամկետը կամ կերկարաձգվի կամ նոր մրցույթ կհայտարարվի:

Մինչ մենք լծված ենք պրոֆեսիոնալներին այս պաշտոնի մասին տեղեկացնելու գործին, փոխնախարար Հակոբյանի խոստումն հօդս ցնդեց, քանի որ հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու առկա երեք թեկնածուների հայտերի քննումն ու նրանց հարցազրույցը:

Մեզ հասել են լուրեր, որ Մանուկ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, փաստորեն բնապահպանության նախարարությունը ցանկանում է ընտրություն կատարել Գաբրիել Պողոսյանի (մականունը Նօնօ) և Շաբոյան Գառնիկի միջև:

Տեղյակ լինելով, որ երկու թեկնածուներն էլ չեն համապատասխանում մրցույթի պահանջներին ինչպես մասնագիտական պատրաստվածության, այնպես էլ իրենց անվան հետ կապված այնպիսի լուրերի առումով, ինչպիսիք են որսորդության հետ կապը, բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում առկա հայտերը հայտարարել անբավարար և նոր մրցույթ հրավիրել` սահմանելով պատշաճ ժամկետ պրոֆեսիոնալ և նվիրյալ թեկնածուների համախմբելու համար»:

Մեկնաբանել