Կարող է և 80-90 տոկոսով էլ ընտրվեն, է, հետո՞. Արմեն Ռուստամյան

Բոյկոտը կամ պիտի լիարժեք լինի, կամ չլինի, բացի դրանից բոյկոտը պիտի այնպես լինի, որ չվարկաբեկվի «ընտրություն»-ը, չընկալվի, թե չի ընդունվում «ընտրություն» գաղափարը. այս մասին «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ այսօր քաղաքական դաշտում չկա առողջ մրցակցություն. «Սկսած 1990-ական թվականներից էսպիսի վիճակ չի եղել, երբ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեն ընտրություններին: Եվ սա արդեն ոչ միայն մեր հարցն է, այլև՝ հասարակության, իշխանություններինը: Հիմա կարող է և 80-90 տոկոսով էլ ընտրվեն, է, հետո՞»,- նշեց նա՝ հավելելով, որ նույնիսկ տպավորություն չի լինելու, թե ընտրություններ են եղել: «Էն 80-90 տոկոսը, որ գնալու են, իրենց ընտրեն, 80-90 տոկոսով դժգոհ են իրենց կյանքից, էս վիճակից: Ու սա չի կարող էսպես շարունակվել»,- ասաց նա:

Ռուստամյանի դիտարկմամբ՝ սա քաղաքական ճգնաժամ է: «Բոլորը հասկանում են, որ գծված-պատրաստված սցենարով է գնալու ընտրությունը, և ես, եթե ուզում եմ մտնել ընտրապայքարի մեջ, տեսնում եմ, որ պայքարի մեջ եմ մտնում պետության հետ՝ ողջ պետական ապարատի հետ»,- նշեց նա:

Պատգամավորը վստահ է, որ այս կանխատեսելի ընտրությունների արդյունքները իշխանությունը համարելու է իր շռնդալից հաղթանակը, մինչդեռ իրականում սա ցույց է տալիս, որ «լիարժեք անպատասխանատվության միջավայր է ձևավորված, և շուտով այդ միջավայրը լրջագույն խնդիրներ է հարուցելու հենց իշխանության համար»: «Սա նույնն է, որ ծանր հիվանդին դու որևէ բուժում չառաջարկես, այլ ուղղակի ցավազրկողներ տաս ու համոզես, որ վատ է զգում ուղղակի իներցիայով: Է, գնալով ավելի վատ է լինելու»,- ասաց Ռուստամյանը:

Մեկնաբանել