Անցնցում իշխանափոխության սցենարը

Տիգրան Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեցին վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների անուններ: Այդ անունների ցանկը մաղվեց, և այժմ հավանական թեկնածուն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Եթե պաշտոնապես հաստատվի, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Հովիկ Աբրահամյանին, ապա գործող նախագահը ակամա կխոստովանի, որ Տիգրան Սարգսյանին հեռացրել է չորս ոչ իշխնական ուժերի ճնշման ներքո։

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը այն տարբերակը չէ, որի դեպքում հնարավոր է դիմագրավել սոցիալ-տնտեսական մարտահրավերներին։ Բացի այդ, ըստ մամուլի տեղեկությունների, Սերժ Սարգսյանն անվստահությամբ է վերաբերվում Աբրահամյանին։ Հետևաբար նրա հնարավոր նշանակումը Սարգսյանն ընկալում է որպես փոխզիջում:

Փոխարենը, Սերժ Սարգսյանի հաշվարկով՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը կչեզոքացնի ԲՀԿ-ի հակազդեցությունն իշխանության նկատմամբ: Քանի որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը խնամիներ են, Սարգսյանի հաշվարկն է, թերևս, որ ԲՀԿ-ն լոյալ դիրքորոշում կունենա նոր կառավարության նկատմամբ:

ԲՀԿ-ի լոյալ դիրքորոշումն էլ, ըստ Սարգսյանի, կարող է պառակտել ու պարալիզացնել ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցության հարթակը:

ԲՀԿ-ին այդ հարթակից հեռացնելու դեպքում այն միանշանակ կպառակտվի, սակայն Գագիկ Ծառուկյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո որևէ կերպ ցույց չի տալիս, որ պատրաստվում է դուրս գալ ոչ իշխանական խմբակցությունների հարթակից: Ավելին, ապրիլի 4-ի հարցազրույցում ԲՀԿ ղեկավարը հայտարարեց. «Այս պայմաններում ես կարևորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումները և ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների և կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, և այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված և հաշվարկված որոշումներ, և ամենակարևորը` հասկանալի և բաց լինել ժողովրդի համար»։

Փաստացի ԲՀԿ-ն ազդանշան է տալիս, որ չի պատրաստվում բավարարվել անձերի փոփոխությամբ, և նույնիսկ Հովիկ Աբրահամյանի նշանակումը չի կարող կանխորոշել ԲՀԿ-ի լոյալ դիրքորոշումը:

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ թույլ է և պատրաստ է ընկրկել քաղաքական համախմբման և հասարակական ճնշման արդյունքում: Չորս ոչ իշխանական խմբակցությունները կարող են հետևություններ անել և մեծացնել ճնշումը՝ այս փուլում առնվազն պահանջելով իշխանության կիսում և հակակշիռների մեխանիզմի ներդրում:

Անհրաժեշտ է պնդել, որ Սերժ Սարգսյանը ընդունի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, որը պետք է ներկայացնեն ոչ իշխանական չորս ուրժերը և քաղաքացիական հասարակությունը: Պետք է պարտադրել, որ գործող նախագահը հետ պտտի Տիգրան Սարգսյանի օրոք նախաձեռնված մի շարք «բարեփոխումներ»՝ սկսած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից, «կարմիր գծերից»՝ վերջացրած տնտեսական ազատ մրցակցության հնարավորությունների մեծացումով:

Ոչ իշխանական ուժերը համատեղ պետք է պնդեն նաև, որ Սերժ Սարգսյանը պաշտոնապես երաշխավորի, որ 2018թ. չի հավակնելու երկրի ղեկավարի աթոռին՝ լինի վարչապետի, թե նախագահի աթոռի տեսքով, եթե, իհարկե, մինչև 2018թ. Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել:

Միայն այս պայմանների բավարարման դեպքում կարելի է համարել, որ անցնցում իշխանափոխության գործընթացի առաջին փուլը ավարտվել է արդյունավետ:

Մեկնաբանել