Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների դաշինքը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իրավախախտ պաշտոնյաների նկատմամբ

«Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» քաղաքական խումբը (S&D), ի դեմս խմբի փոխնախագահ Քաթի Պիրիի, արձագանքել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ «անհանգստացնող զարգացումներին», անթույլատրելի համարելով, որ նախագահ Ալիևը օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում երկրի քաղաքական ընդդիմության մնացորդները վերացնելու համար:

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի տեղակալի Ֆուադ Ղահրամանլիի նկատմամբ դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներից։ Պարոն Ղահրամանլին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից՝ հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքներով, իսկ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այժմ ապօրինի կերպով ենթարկված է փաստացի տնային կալանքի»,- նշված է հայտարարությունում:

«Այս դատապարտելի գործողությունները նախագահ Ալիևի կողմից ընդդիմության անդամների նկատմամբ հրահրվող ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների կանոնավոր օրինաչափության մաս են կազմում, մարդիկ, որոնց Ալիևը իր ելույթներում բազմիցս թիրախավորել է, անվանելով «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»: Խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի միջազգային պարտավորությունները՝ նրանց զրկել են իրենց հիմնական իրավունքներից, ինչպիսին, օրինակ, նրանց փաստաբանների և ընտանիքների հետ շփումն է: Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում երկրի քաղաքական ընդդիմության մնացորդները վերացնելու համար»:

Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը, հաշվի առնելով Ադրբեջանում իրավիճակի լրջությունը, կոչ է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ անհապաղ գործարկել նախաձեռնություն՝ ԵՄ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նպատակաուղղված բոլոր պատժամիջոցները կիրառելու Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների համար։

Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը պաշտոնապես հիմնադրվել է 1953 թ. հունիսի 29-ին, այն Եվրոպական խորհրդարանում երկրորդ ամենահին քաղաքական խումբն է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից» (ALDE) հետո:

Մինչև 1999 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները այն ամենամեծ խմբավորումն էր Խորհրդարանում, իսկ 1999-ից ի վեր միշտ եղել է երկրորդ ամենամեծ խումբը: ԵՄ Խորհրդարանական վեհաժողովի 8-րդ նստաշրջանի ընթացքում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը խորհրդարանական միակ խումբն էր, որը ներկայացնում էր ԵՄ անդամ բոլոր 27 պետությունները: ԵՄ ներկայիս խորհրդարանում խումբը բաղկացած է 25 անդամ պետությունների 146 անդամներից:

Զառա Պողոսյան