Սահմանադրական դատարանի «ծուխն» ու մենք

Գևորգ Թոսունյան

Հռոմի պապի ընտրությունից առաջ տեղի է ունենում երդմնակալության հատուկ ավանդական արարողություն` կարդինալները պարտավորվում են երբեւէ որեւէ պարագայում չհրապարակել կոնկլավի ժողովին վերաբերող տեղեկություններ։ Ընտրության արդյունքները մարդիկ իմանում են Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզի միջոցով․ ծուխը սև է, Պապը դեռ չի ընտրվել, սպիտակ է, ունեն նոր Պապ։

Ինչո՞ւ սա ներկայացրի. երեկվանից սոցիալական ցանցերում, ինչպես նաև ՍԴ դատավորներից մեկի շուրթերից հնչում են կատակներ, որ ՍԴ դատարանի նախագահի փակ քվեարկության մասին մարդիկ կիմանան ՍԴ-ից դուրս եկող ծխի միջոցով։

Նրանք, սակայն, մի հարցում սխալվում են՝ Հռոմի պապի ընտրության ժամանակ Վատիկանում հավաքվում են հարյուր հազարավոր մարդիկ։ Սահմանադրական դատարանի դիմաց, մինչդեռ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր բացի լրագրողներից և դիմակը կրելու համար նրանց հետևող ոստիկաններից, ոչ ոք չկար։ Թեև այսօր ՍԴ-ի դիմաց նաև երեք քաղաքացի եկավ, մի կին լրագրողներին անընդհատ դժգոհում էր իշխանությունից, մի տղամարդ իր շանն էր զբոսանքի հանել ու զրուցում էր ԶԼՄ ներկայացուցիչների հետ, իսկ երրորդը՝ մի տարեց տղամարդ, ցանկանում էր, որ լրատվամիջոցները լուսաբանեն իր անձնական խնդիրը։

Սահմանադրական դատարանի դատավորները դատարանի շենք դուրս ու ներս անելիս իրենց այնպես են պահում, ասես կարդինալների նման երդում են տվել. որևէ թեկնածուի անուն չի նշվում։ Վերջին տեղեկությունը լրագրողները կարողացան «պոկել» դատավոր Արևիկ Պետրոսյանից, որն ասաց, թե երկու թեկնածու կա։ Սա նշանակում է, որ նախագահն ընտրվելու է առնվազն վեց ձայնով։

Մամուլը ևս տևական ժամանակ շրջանառում էր երկու անուն՝ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը, որը ՍԴ էր եկել ոչ ցածր՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից, և Արման Դիլանյանը, որը Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո առաջին դատավորն էր, որ ընտրվեց ՍԴ-ում, թեև մեծամասնությամբ «Հանրապետականներով» աթոռներ զբաղեցրած խորհրդարանի կողմից։

Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի ընտրությունը մինչ այս սուր քննադատության էր ենթարկվում հատկապես այն փաստաբանների կողմից, որոնք նախկինում աշխատել են դատավոր Վահե Գրիգորյանի հետ։ Մամուլը նաև մեկ այլ վարկած էր առաջ քաշում, թե Վահե Գրիգորյանը կողմնակից է Արման Դիլանյանի թեկնածությայնը։

ՍԴ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Այս պաշտոնը ավելի շատ կազմակերպչական ու վարչական գործառույթներ պարունակող աշխատանք է՝ նախագահը նիստեր է նախապատրաստում, վարում է դրանք, աշխատանքներ բաշխում դատավորների միջև և այլն։ Օրինակ, առաջին ատյանի դատարաններում գործերը բաշխում է Դատական դեպարտամենը՝ ըստ մասնագիտացումների և էլեկտրոնային համակարգի միջոցով։

Ի դեպ, Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է, հենց օրենքն էլ սահմանում է, որ այն գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ, ամեն դատավոր, այդ թվում՝ նախագահն ունի մեկ ձայն։

Իսկ մենք շատ չե՞նք լուրջ վերաբերվում ՍԴ նախագահի ընտրության հարցին։

Պատասխանը թերևս ունեն Կառավարական տանը։ Նախորդ տարի ազդարարվեց Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին։ Դրանից հետո իշխանությունը երեք քայլով փորձեց այն լուծել. սկզբում հարկատուների հաշվին 600 միլիոն դրամ հատկացնելու միջոցով փորձեցին ՍԴ յոթ անդամներին առաջարկել գնալ վաղ կենսաթոշակի, չեղավ։

Հետո Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նախաձեռնեցին, կրկին չեղավ՝ կորոնավիրուսի պատճառով։

Երրորդ քայլն արվեց խորհրդարանի միջոցով․ փոխվեց Սահմանադրությունը։ Առնվազն վերջին կես տարվա ընթացքում գործադիր և օրենսդիր մարմիններն անընդհատ հայտարարում էին, որ այս հարցը օրակարգային է, իսկ ՍԴ նախագահի ընտրությունը՝ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման վերջին «արարը»։

Մեկնաբանել