Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ

ԱԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար:

Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել