Արտգործնախարարը Ժնևում կհանդիպի համանախագահների հետ

Վաղը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ այս մասին այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանը չնշեց, թե արդյոք նախատեսված է նաև առանձին հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը հետաձգվել էր։

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ասուլիսի պահին արտգործնախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում Իրանի փոխարտգործնախարար, Արցախի հարցով հատուկ բանագնաց Աբբաս Արաքչիի հետ, որը Երևան է ժամանել ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը:

Արաքչին արդեն եղել է Բաքվում։ Նախատեսված են նրա այցերը Մոսկվա և Անկարա։