Ադրբեջանը գնաց Շվեյցարիա

SOCAR-ը գնել է Exxon Mobil-ի մասնաճյուղը

Նախօրեին Ցյուրիխում Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը, և ամերիկյան Exxon Mobil-ի շվեյցարական դուստր ընկերությունը՝ Esso Schweiz GmbH-ը, գործարք են կնքել, որով SOCAR-ին է անցնում Եվրոպայի կենտրոնում Exxon Mobil-ի ավտոլցակայանների խոշոր ցանցը։ Ցանցն ավելի ուշ վերանվանվելու է SOCAR։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը կտնօրինի ավելի քան 170 ավտոլցակայան, արդյունաբերական և մեծածախ հաճախորդների համար վառելիքային մարկետինգի ցանցը, Վանգեն-Օլտենի գազալցակայման գործարանը, ինչպես նաև Ժնևի և Ցյուրիխի օդանավակայանների ավիալցակայանների բաժնետոմսերը։

Սեփականատիրոջ փոփոխությունից հետո շվեյցարական մասնաճյուղը 12 ամսվա ընթացքում կգործի ESSO բրենդով։ Բիզնես ցանցի ապաբրենդավորումը կիրականացվի գործարքի հաստատումից հետո 30 օրվա ընթացքում։ Անցումային ժամանակաշրջանում պայմանագրային բոլոր պարտավորությունները և արտադրական գործընթացը կիրականացվեն այնպես, ինչպես նախկինում։

«Անցումային շրջանի ավարտի՝ 2012թ. 3-րդ եռամսյակի վերջին ընկերությունը կսկսի ծառայություններ մատուցել նոր բրենդով՝ SOCAR»,- ասված է ադրբեջանական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Գործարքի գնի մասին երկու ընկերություններում էլ առայժմ լռում են։ Գործարքը դեռ պետք է հաստատեն Շվեյցարիայի կարգավորիչ մարմինները։

Մեկնաբանել