Զգուշացի՛ր, ջիհադավտանգ է

Ավտորիտար վարչակարգերի երկարակեցության շուրջ կանխատեսումները հեշտ գործ չեն։ Այս մասին են վկայում արաբական աշխարհի վերջին հեղափոխությունները։ Իսկ այսպիսի փոփոխություններ բացառված չեն նաև Կենտրոնական Ասիայում։

Այսպես՝ 2010թ. ապրիլին պաշտոնանկ արվեց Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը։ Տարածաշրջանի ամենաաղքատ պետությունը՝ Տաջիկստանը, ամենաքիչն է ապահովագրված անկարգություններից ու արյունահեղությունից։ Գլխավոր սպառնալիքը հասարակության արմատականացումն է։

Տաջիկստանի բանակի ու անվտանգության ծառայությունների գործողությունների արդյունավետությունը գրեթե զրոյական է։ 2010-2011 թթ. նրանց այդպես էլ չհաջողվեց երկրի արևելյան շրջաններում ծնկի բերել դաշտային հրամանատարներին և գրոհայինների փոքրիկ խմբերին։ Նրանց հանդարտեցնելու համար ստիպված եղավ միջամտել նախագահ Էմոմալի Ռահմոնն ու էական զիջումների գնալ։

Արդյունքում, արդեն մոտ ապագայում, իշխանությունները կարող են առերեսվել «Ուզբեկստանի իսլամական շարժում» զինված խմբավորման վերածնմանը, որի նպատակը իսլամական խալիֆայության ստեղծումն է։ Աֆղանստանում այս խմբավորումը պատերազմում է տալիբների կողքին։ Երկրի համար սպառնալից է նաև այն, որ Աֆղանստանի հյուսիսում պատերազմող գրոհայինները ծագումով Կենտրոնական Ասիայից են և սերտ կապեր ունեն «Ուզբեկստանի իսլամական շարժման» հետ։

Ինչպես Տաջիկստանի ներսում, այնպես էլ «Ուզբեկստանի իսլամական շարժման» շարքերում ձևավորվում է գրոհայինների նոր սերունդ՝ մինչև 30 տարեկան երիտասարդներ, որոնք չեն հիշում 1992-1997 թթ. քաղաքացիական պատերազմի սարսափը։ Երկրի ղեկավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել ավելի ու ավելի իսլամականացող հասարակության հետ։

Օրեցօր մեծանում է Տաջիկստանի կարևորությունը Համաշխարհային ջիհադի ճանապարհին։ Տարիներ շարունակ չի հաջողվում արգելափակել զինված գրոհայինների ներհոսքը Աֆղանստանից, անհայտ է վերջիններիս ոչ միայն թվաքանակը, այլև նպատակները։ Ակտիվանալ սկսել են նաև Հյուսիսային Կովկասից այստեղ հանգրվանած գրոհայինները։

Այս ֆոնին նախագահ Ռահմոնի վստահեցումները, թե հյուսիսաֆրիկյան սցենարը Տաջիկստանում հնարավոր չէ, նվազագույնը տարօրինակ են հնչում։ Իսկ թե որքան արագ են հանդարտ տրամադրությունները զայրույթի վերածվում, պարզվեց ոչ միայն արաբական աշխարհի, այլև հարևան Ղրղըզստանի օրինակով։ Տաջիկստանը հազիվ թե դրա դեմ իմունիտետ ունի։ 

Մեկնաբանել