Հայաստանը՝ մասամբ ազատ, Արցախը՝ անազատ.Freedom House

«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, համաձայն որի Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» (partly free), իսկ Լեռնային Ղարաբաղը՝ «ոչ ազատ» (not free) երկրների շարքում: Դիտարկված 195 երկրների շարքում «ազատ» (free) է համարվել ավելի քան 80 պետություն, որոնց մեջ է նաև չճանաչված Հյուսիային Կիպրոսը:

Կազմակերպությունը Հայաստանում ազատությունների վիճակը դիտարկում է 1991-ից ի վեր, և բոլոր 20 տարիների գնահատականներով Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» պետությունների շարքում: Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր չորս տարիներին՝ 2008-ին, 2009-ին, 2010-ին և 2011-ին, Հայաստանը նախորդ բոլոր տարիների հետ համեմատ ստացել է վատագույն ցուցիչը՝ 5 միավոր: Այսպիսով, Հայաստանը նախագահ Սարգսյանի իշխանության տարիներին մոտեցել է «ոչ ազատ» երկրների խմբին: «Ոչ ազատ» երկիր դառնալու համար Հայաստանին պակասում է ընդամենը մեկ միավոր: Լավագույն ցուցանիշը Հայաստանի համար եղել 1993 թվականը, երբ, դասվելով «մասամբ ազատ» երկրների շարքում, Հայաստանը ստացել էր 3.5 միավոր (որքան թիվը ցածր է, այնքան երկիրը ազատ է): Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-ից 2003 թվականներին Հայաստանը ստացել է 4, իսկ 2005-2007 թթ.՝ 4.5 միավոր:

Անմիջական հարևանների մեջ 2010 թվականի տվյալներով Վրաստանը ևս դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում, սակայն ի տարբերություն Հայաստանի 5 միավորի, նրա ստացած միավորը 3.5 է: Վրաստանը անկախությունից ի վեր ևս միշտ դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում, բացառությամբ 1991-ի, երբ այն համարվել է «ոչ ազատ»: 2005 թվականից ի վեր Վրաստանը մեկ, մեկուկես կամ երկու միավորով առաջ է Հայաստանից:

Հարավային Կովկասի միջազգայնորեն ճանաչված երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, 2002 թվականից ի վեր իր տեղն ամրապնդել է «ոչ ազատ» երկրների շարքում: Անշուշտ, լավ է, որ գոնե Հայաստանը Ադրբեջանից առաջ է, բայց ընդամենը կես միավորով: Մյուս կողմից, շատ վատ է, երբ Արցախն ու Ադրբեջանն են նույն խմբում: Մեր անմիջական մյուս հարևաններից Իրանը ևս դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 6 միավոր, իսկ ահա Թուրքիան «մասամբ ազատ» է՝ 3 միավոր:

«Ֆրիդոմ Հաուսը» գնահատում է նաև մասամբ ճանաչված և չճանաչված 26 երկրների ազատությունների ցուցիչը: Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է 1993 թվականից ի վեր: Եթե մինչև 2002 թվականը Արցախը տեղ էր գտնում «ոչ ազատ» երկրների շարքում, ապա 2002-2009 թվականներին կայուն 5 միավորով Արցախը Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ դասվում էր «մասամբ ազատ» երկրների շարքում՝ ի տարբերություն «ոչ ազատ» Ադրբեջանի: Սակայն վերջին երկու տարիներին Արցախը կրկին դասվում է «ոչ ազատ» երկրների շարքում և դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ԼՂ Ազգային ժողովում չկա գեթ մեկ ընդդիմադիր պատգամավոր կամ կուսակցություն, չկա ընդդիմադիր մամուլ: Եթե 2012 թվականի ամռանը կայանալիք ԼՂ նախագահական ընտրություններն անցկացվեն այլընտրանքային կամ ընդդիմադիր լուրջ թեկնածուի մասնակցությամբ և ընտրությունները անց կացվեն համեմատաբար ազատ, ապա Արցախը ամենայն հավանականությամբ կվերադառնա «մասամբ ազատ» երկրների ընտանիք՝ թոթափելով պատիվ չբերող «ոչ ազատ» պիտակից:

Չճանաճված երկրներից «մասամբ ազատ» է համարվում նաև Աբխազիան:

Անշուշտ, Հայաստանի և Արցախի իշխանությունները կարող են և հայտարարում են, որ պետք չէ այնքան էլ լուրջ ընդունել ինչպես «Ֆրիդոմ Հաուսի», այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների գնահատականները: Սակայն նույն իշխանությունները պետք է գիտակցեն, որ ոչ միայն պատվաբեր չէ լինել Ադրբեջանի կամ աֆրիկյան ու ասիական ավտորիտար երկրների հետ նույն խմբում, այլ որ առավել էական է՝ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե նախագահ Սարգսյանի հավաստիացումներով, այլ «Ֆրիդոմ Հաուսի» և այլ կամակերպությունների ցուցիչներով:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել