Բարձր տոկոսադրույքները նպաստել են դոլարիզացիայի կրճատմանը

Այս տարվա առաջին երկու ամիսներին բանկային համակարգում ավանդների ծավալը նվազել է 1,2%-ով՝ փետրվարի վերջին կազմելով Դ1,011 տրլն։ Բանկային համակարգում ավանդների կրճատումը պայմանավորված է հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդների 10%-ով նվազմամբ։ Ոչ ռեզիդենտների ավանդների տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր ավանդներում կազմել է 23%։

Բանկային համակարգում ավանդների ծավալի կրճատմանը զուգահեռ նվազել է նաև ավանդների դոլարիզացիայի մակարդակը՝ 0,7 տոկոսային կետով՝ փետրվարի վերջին կազմելով 69,1%։ Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ բանկային համակարգում փետրվարին դոլարային ավանդների ծավալը կազմել է մոտ Դ700 մլրդ-ը։

Երկու ամիսների ընթացքում ավանդների դոլարիզացիայի նվազումն ամբողջովին պայմանավորված է ոչ ռեզիդենտների դոլարային ավանդների մոտ Դ30 մլրդ-ով կրճատմամբ։ Միևնույն ժամանակ ռեզիդենտներն այս երկու ամիսներին Դ16 մլրդ-ով ավելացրել են իրենց դոլարային ավանդների ծավալը։ Ռեզիդենտների դոլարային ավանդների ծավալն հիմնականում ավելացել է ձեռնարկությունների և տնային տնտեսությունների ժամկետային ավանդների աճի հաշվին։

Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին տնային տնտեսությունների զգալի մասը միջոցներն ուղղել է դրամային ավանդների, ինչի արդյունքում նրանց ժամկետային դրամային ավանդների ծավալն ավելացել է Դ10 մլրդ-ով (փետրվարի վերջին կազմելով Դ98,8 մլրդ)։ Դոլարային ժամկետային ավանդների ծավալն այս ընթացքում ավելացել է Դ5 մլրդ-ով (փետրվարի վերջին կազմելով Դ288,8 մլրդ)։

Ըստ ԿԲ վիճակագրության՝ փետրվարին կես տարվա ավանդների միջին տոկոսադրույքը անցած տարվա դեկտեմբերի համեմատ ավելացել է 1 տոկոսային կետով՝ կազմելով 10,4%։ Մեկ տարուց ավելի ժամկետայնության դրամային ավանդների միջին տոկոսադրույքը ավելացել է 0,04 տոկոսային կետով՝ կազմելով 11,11%։

Մեկնաբանել