Երևանի թիվ 42 դպրոցում իրավիճակը համաճարակ չէ. ԱՆ

«Ներկայումս հանրապետությունում ջրծաղկի համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Հիվանդացության մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:

Հանրապետության ողջ տարածքում, շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ 2012 թվականի հունվարից դիտվում է ջրծաղկով հիվանդացության աստիճանաբար նվազում:

Ինչ վերաբերում է մանկական կազմակերպություններում ջրծաղկով հիվանդացությանը, ապա հարկ է նշել, որ բռնկումներ չեն արձանագրվել, արձանագրվում են հատուկենտ դեպքեր, որոնց տեղայնացման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մանկական տարիքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձևեր:

Ջրծաղիկը բարորակ հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` երկրորդային վարակի միանալու հետևանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:

Ինչ վերաբերում է թիվ 42 դպրոցում ջրծաղկի իրավիճակին, ապա պետք է նշել, որ դպրոցում ուսանում է 390 աշակերտ` 22 դասարանում: Տնօրինության կողմից իրականացվում է բացակայությունների և, մասնավորապես, ջրծաղկի դեպքերի արձանագրման օրական մոնիթորինգ: Քանի որ ջրծաղիկը չունի միայն այս հիվանդությանը բնորոշ առանձնահատուկ կանխարգելման միջոցներ, կիրառվում են օդակաթիլային հիվանդություններին բնորոշ ընդհանուր միջոցառումներ` դասարաններում կատարվում են հաճախակի օդափոխություն, ընդհանուր հիգիենիկ միջոցառումներ: Իրավիճակը չի կարող բնորոշվել որպես բռնկում կամ, առավել ևս, համաճարակ, հետևապես սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` կարանտին, չի առաջարկվում:

Ներկայումս դպրոցում իրականացվում է շարունակական հսկողություն»,- նշված է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Մեկնաբանել