Nokia-ի սմարթֆոնների վաճառքը նվազել է երկու անգամ

Fիննական Nokia ընկերությունը 2012թ. առաջին եռամսյակում վաճառել է 12 միլիոն սմարթֆոն: Այս ցուցանիշը երկու անգամ զիջում է 2011-ի նույն ժամանակահատվածի վաճառքի քանակին. հաղորդում է Associated Press-ը:

Nokia-ն հրապարակել է 2012թ. առաջին եռամսյակի իր ֆինանսական հաշվետվությունը: Ընկերութունը այս ժամակահատվածում կրել է 929 միլիոն եվրոյի վնաս՝ 7,4 մլրդ եվրո հասույթի պարագայում: Պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ՝ հասույթը կրճատվել է մեկ երրորդով: Բջջային սարքերի վաճառքից ընկերությունը շահել է 4,2 մլրդ եվրո, որից 1,7մլրդ-ը՝ սմարթֆոնների վաճառքից:

«Ամենավաճառվողը Symbian օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններն են»,- հայտնել է ընկերությունը: Իսկ Windows Phone 7-ով աշխատող սմարթֆոնները վաճառքի ընդամենը 17%-ն են կազմել: Հատկանշական է, որ վաճառված հեռախոսների քանակը մեկ տարում 108-ից կրճատվել է`հասնելով 83 միլիոնի:

Nokia-ն նաև հայտնել է, որ աշխատանքից դուրս է եկել ընկերության վաճառքի տնօրեն Կոլին Ջիլզը, ով աշխատել է ընկերությունում 20 տարի:

Nokia-ն 1998-ին դարձավ բջջային հեռախոսների շուկայի առաջատարը: 2008-ին ընկերությունը զբաղեցնում էր շուկայի 40%-ը: Հետագա տարիներին այն սկսեց զիջել իր դիրքերը շուկայում և 2011-ին դարձավ շուկայում երրորդը՝ 23,4%-ով:

Մեկնաբանել