Հայտնի են Կաննի 65-րդ փառատոնի ժյուրիի անդամները

Ավելի վաղ հայտնի էր դարձել ժյուրիի նախագահի անունը. այս տարի պատվավոր առաքելությունը վստահվել է իտալացի ռեժիսոր Նանի Մորետիին, որը նախկինում վեց անգամ մասնակցել է Կաննի մրցույթին և հաղթող ճանաչվել 2001-ին «Որդու սենյակը» ֆիլմով:

Այսօր հայտնի դարձան նաև նրա ութ կոլեգաները, որոնց շարքում ամենաանսպասելին թերևս Ժան Պոլ Գոտյեի անունն է: Ֆրանսիացի հեղինակավոր դիզայները համագործակցել է Լյուկ Բեսոնի և Պեդրո Ալմադովարի հետ` ստեղծելով «Հինգերորդ տարր» և «Մաշկը, որում ապրում եմ» ֆիլմերի հագուստները: Նշենք, որ մինչ այժմ նորաձևության ներկայացուցիչները երբևէ չեն հրավիրվել Կաննի փառատոնի ժյուրիի կազմ:

Բացի Մորետիից` ժյուրիի շարքում է ևս երեք ռեժիսոր` բրիտանացի Անդրեա Առնոլդը, որի «Կարմիր ճանապարհ» և «Ակվարիում» ֆիլմերը նախորդ տարիներին արժանացել են Կաննի ժյուրիի հատուկ մրցանակների, ավստրալացի Ալեքսանդր Փեյնը, որի «Ժառանգներն» անցյալ տարի «Օսկար»-ի ֆավորիտների շարքում էր, և Ռաուլ Պեկը, որը ծնվել է Հաիթիում, մեծացել Կոնգոյում, ուսում ստացել Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, եղել է Հաիթիի մշակույթի նախարարը, իսկ 2010-ին դարձել La Femis ֆրանսիական կինոդպրոցի տնօրենների խորհրդի նախագահ:

Ռեժիսորներին կընկերակցի չորս դերասան` Հիամ Աբասը` Պաղեստինի Ինքնավարությունից, Էմանուել Դևոն` Ֆրանսիայից, Դայան Քրյուգերը` Գերմանիայից, և Իվեն Մակ-Գրեգորը` Մեծ Բրիտանիայից: Հենց այս կազմը մայիսի 16- 27-ը կայանալիք

փառատոնի մրցութային ծրագրի 22 ֆիլմերից կընտրի լավագույնը:

Մեկնաբանել