Երկու տարուց մենք կունենանք Եվրոպայի լավագույն ՃԿԿ-ներից մեկը. Արմեն Երիցյան


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ստորագրել են համաձայնագիր`«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին (ՃԿԿ) խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում Հայաստանի կարողությունները` ԱԻՆ ՃԿԿ-ի գործունեության բարելավման շնորհիվ: Այսօր ծրագրի փորձագետներն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ՇԶՀԳ տարածաշրջանային տնօրենի տեղակալ Մատիաս Վայնգարթին ներկայացրել են մինչ այսօր իրականացված աշխատանքները և հետագա անելիքները։

ԱԻՆ աշխատանքային խմբի հետ համատեղ գործունեության արդյունքում ուսումնասիրվել է առկա իրավիճակը, ի հայտ են բերվել կարիքները և մշակվել բարելացման առաջարկներ։ ԱԻ նախարարի հաստատմանը ներկայացվեց համատեղ մշակված աշխատանքային պլանը։ Արդեն չորս ամիս Հայաստանում աշխատող միջազգային փորձագետներն իրենց առաջարկներն են ներկայացրել ԱԻՆ նորակառույց շենքի, այնտեղ տեղակայվող Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական և ծրագրային հագեցվածության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակներում ԱԻՆ պատվիրակությունն այցելել է Ավստրիայի Ճգնաժամային կառավարման կենտրոն և 122 ծառայություն, ծանոթացել դրանց կառուցվածքին, աշխատանքային պայմաններին, կիրառվող ծրագրերին և տեղեկատվական բազաներին։ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են նաև Ռիգայում տեղի ունեցած եվրոպական 112 ասոցիացիայի կոնֆերանսին, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել ասոցիացիային ՀՀ ԱԻՆ-ի անդամակցության և համագործակցության վերաբերյալ։

ՇԶՀԳ-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հրավիրել ուսումնական և վերապատրաստման հարցերով փորձագետի, որն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների հետ համատեղ կմշակի ուսումնական ծրագիր` ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի և 911 ծառայության աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման համար։

Մեկնաբանել