Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու հրամանագիրը և չի դիմելու ՍԴ

Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ մարտի 10-ին Արմեն Սարգսյանն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

«Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- նշվում աշխատակազմի հայտարարությունում։

Մեկնաբանել