Խոզնավարում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի հետևանքով 11 հայ զինծառայողներ վնասվածքներ են ստացել

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Հայաստանի զինված ուժերի 11 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Դատախազությունը։

Ըստ տելեգրամյան ալիքների՝ ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 30 ադրբեջանցիներ։

«Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ադրբեջանցի մի շարք զինծառայողներ, կրկին հատել են միևնույն հատվածում սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող մի շարք հայ զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր»,- տեղեկացնում է դատախազությունը։

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

***

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Մեկնաբանել