Մոմավառություն՝ «Հարսնաքարի» մոտ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի» նախաձեռնություն, որը հունիսի 30-ին ժամը 21:00-ին մոմավառություն է կազմակերպելու Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ:

Ֆեյսբուքում նախաձեռնությունը մասնավորապես հայտարարել է. «Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն, և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է»:

Հունիսի 17-ին Երևանի Ավան համայնքում գտնվող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, գլխուղեղի երկու վիրահատությունից հետո այդպես էլ կոմայից դուրս չգալով, մահացավ հունիսի 29-ին:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Ռուբեն Հայրապետյանին:

Մեկնաբանել