Արցախ․ ինչպե՞ս է զարգանում գյուղատնտեսությունը տարածքային կորուստներից հետո

Ի՞նչ հետևանք են թողել տարածքային կորուստները Արցախի գյուղատնտեսության վրա, հնարավո՞ր է, արդյոք, եղած տարածքներում գյուղատնտեսություն զարգացնել։ ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրուցել է գյուղատնտես Արման Մարտիրոսյանի հետ։ 

– Պարոն Մարտիրոսյան, պատերազմում Արցախի տարածքային կորուստները ինչպե՞ս են անդրադարձել գյուղատնտեսության վրա։

– Տարածքային կորուստները շատ մեծ են գյուղատնեսության համար: Նախ՝ շատ մեծ կորուստներ ունենք հացահատիկի ցանքատարածություններում։ Արցախում շեշտը դրվում էր հացահատիկային մշակաբույսերի վրա։ 

Լուծումներից է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Պիտի կարողանանք միավոր հեկտարից ավելի շատ բերք ստանալ, ինչին կնպաստի ոռոգման համակարգի զարգացումը, որը այս պահին բացակայում է։ Պետք է նաև ցորենի բարձր որակ ապահովող սերմեր ներմուծենք։ Այդ կորուստների դիսբալանսը պիտի փորձենք լրացնել նման եղանակներով։ 

Պիտի բերքատվությունը բարձրացնենք։ Եթե նախկինում ցորենի մի քանի հազար հեկտար  ցանքատարածություններ ունեինք, ու միջինը ստանում էինք 15-18 ցենտներ բերք հեկտարից, հիմա պիտի կարողնանք այդ ցուցանիշները հասցնել մինչև 40-50 ցենտների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը դա թույլ է տալիս։ Պարզապես պետք է հողօգտագործողներին հող մշակելու կուլտուրա սովորեցնենք՝ ճիշտ պարարտացում, ճիշտ սերմերի ընտրություն, ցանքի ճիշտ ժամականահատված և ցանքաշրջանառություն։ Շատ կարևոր է ցանքաշրջանառությունը և հողի ճիշտ մշակումը այն առումումով, որ հողը դեգրադացիայի չենթարկենք։

Արման Մարտիրոսյանը

– Ոռոգման համակարգում ի՞նչ խնդիրներ են ստեղծվել։

– Օրինակ, Ակնայի և հարակից հարթավայրային գոտիները Խաչենի ջրամբարից էին ոռոգվում։ Հիմա չկա ջրամբարը, չկան հողերը։  Ներկայում Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում պիտի կարողանանք ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Միանշանակ, պետք է ջրամբարներ կառուցել։ Այդ ջրերը պիտի պահեստավորվեն, ջրօգտագործման շատ խիստ վերահսկողություն պիտի լինի։ 

– Սորտերի մասին եք խոսել, որո՞նք են Ձեր նշած ճիշտ սորտերը։

– Սորտերը պիտի որակավորված լինեն և մասնագիտացված կենտրոններից գնվեն։ Կան ներմուծողներ Ռուսաստանից, Հայաստանից, գյուղնախարարությունում էլ կա սելեկցիոն կայան, որոնք ստանում են էլիտար սերմեր և փորձարկումներ են անում։  Այդ սերմերի և՛ սոսնձայունությունն է լինում բարձր, և՛ բերքատվությունը, և՛ երաշտադիմացկունությունը։ Այսինքն՝ սելեկցիոներները կարողանում են կլիմային ու տարածաշրջանին հարմարեցված կամ դրան մոտ մի բան ստանալ։ Ներկայում մի 60-70 տոկոսի չափ օգտագործում են իրենց ցորենի դաշտերի բերքերը՝ վերատադրելով նույն դաշտում։ Լավագույն դեպքում հարևանից են սերմ վերցնում։  

– Գյուղատնտեսության ո՞ր ճյուղը Արցախում կարող է առաջատար լինել։ 

– Քանի որ մեր կլիման բարենպաստ է այգեգործության համար, ձմեռը՝ խիստ չէ, ամառն էլ շատ արևոտ է, այգեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ կարող է լինել առաջատար։ Ի տարբերություն ցորենի՝ այգեգործության մեջ ոռոգման համակարգը լիովին իրեն արդարացնում է, այսինքն՝ ջուրը կարելի է ավելի խնայողաբար ու ճիշտ օգտագործել։ Այգեգործությունից ստացված եկամուտները ավելի բարձր են, քան հացահատիկից։ Ասենք՝ խնձորի պարագայում մեկ միավոր հեկտարից ճիշտ սորտերի ու մշակության դեպքում կարելի է ստանալ 40-50 տոննա խնձոր։ Եթե չմտածենք զուտ արտահանման մասին, վերարտադրությունով զբաղվենք, չրի ու հյութի գործարաններ բացվեն, եկամտաբերությունը ավելի բարձր կլինի։        

– Իսկ ջրամբարների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի։

– Պլանավորվում էր Ասկերանի շրջանում՝ Պատարայում, 5 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցել, որը թույլ կտա Ասկերանի ենթաշրջանի մի մասը ոռոգելի դարձնել։ Դա մեծ խթան կհանդիսանա այգեգործության, բանջարաբուծության, ինչպես նաև հացահատիկի մշակման ոլորտում։ Ինչքան էլ փորձենք գյուղատնտեսությամբ զբաղվել, մեծ ջանքեր գործադրել, առանց ջուր չկա կյանք, չկա գյուղատնտեսություն։ 

Բայց ոռոգման մեջ ամենակարևոր խնդիրներից մեկը ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Մեր ջրանցքների մեծ մասը հողային է, որը մինչև 50 տոկոս կորուստներ է տալիս, իր հետ տանում է հող, այդ ջրանցքները նաև էրոզիայի են ենթարկվում, հուներից դուրս գալիս, կամ տարված հողը մի տեղ փակում է գետի բերանը: Բացի այդ, այդ ջրանցքներն իրենց հետ բերում են ավելի շատ քանակությամբ մոլախոտեր, մոլախոտային բուսականության սերմեր:

– Ինչպե՞ս պետք է լուծել ջրանցքների հարցը:

– Բետոնային թունելներ կարելի է կառուցել: Գյուղատնեսության մեջ օգտագործում են նաև գեոմեմբրանը: Այդ նույն գեոմեմբրանները բետոնից համեմատաբար էժան են, դրանով կարելի է պատել թունելները: Արդյունքում 50 տոկոս խնայողություն կունենանք:

Ինչպես Իսրայելում են անում, պետությունը հողօգտագործողների համար կարող է սուբսիդավորել ջրի սակագինը, անգամ անվճար դարձնել, բայց ջրի վրա հաշվիչ դնել: Քեզ կարող է հասնել առավելագույն հաշվարկը: Եթե դու օգտագործում ես առավել, քան քեզ հասնում է, տուգանում են: Իսկ մեզ մոտ այդ մշակույթը զարգացած չէ։ Մեզ մոտ, եթե ինչ-որ հողագործ ջուր է հայթայթում, սկսում է ագահությամբ օգտագործել: Դա բերում է հողի աղակալման, բույսի արմատի համակարգի հիվանդություններ առաջացնում, իսկ մյուս հողօգտագործողները ջրի խնդիր են ունենում: 

Պետք է նաև խոսել կաթիլային ոռոգման համակարգերի մասին: Դրանք շատ արդյունավետ են բանջարաբուծության ու այգեգործության մեջ: Ցորենի ու եգիպտացորենի դաշտերում օգտագործում են անձրևացման համակարգ, որը նույնպես արդյունավետ է և խնայող: Ամենակարևոր համակարգերից մեկը, ըստ իս, կաթիլայինն է: 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել