Հուլիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«ՀՀ զինված ուժերի ներյացուցիչները դեսպան Թրեյսիին ներկայացրեցին տիրող իրավիճակը: Դեսպանը վերահաստատեց ԱՄՆ մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ և ընդգծեց, որ Միացյալ Նահանգները մերժում է ուժի կիրառումը սահմանների դեմարկացիայի գործընթացում»,- ասվում է հայտարարությունում։
Դեսպանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է և հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տևական քաղաքական կարգավորման հասնելու հարցում:
«Միացյալ Նահանգները կողմերին հոդորում է հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների՝ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշված է դեսպանատան հայտարարությունում։
Հուլիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Գեղարքունիքի հատվածում կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը հրադադարը խախտել էր նաև Երասխի ուղղությամբ։