Արմեն Գրիգորյանը Ֆիլիպ Ռիքերին ներկայացրել է սահմանին ստեղծված իրավիճակը

Հուլիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, հաղորդում է ԱԳՆ կայքը։

«Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտեց հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակեց որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ Ընդգծվեց, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ ապաէսկալացիայի կարևորությունը: Զրույցի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, «որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

«Զրուցակիցներն անդրադարձան հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի համարեց հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

Մեկնաբանել