Ազգային ժողովը փակ նիստում սահմանազատման խնդիրների վերաբերյալ քննարկում կանի

National Assembly - ազգային ժողով, աժ

Ազգային ժողովում փակ նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները։ Համապատասխան նախագիծն ընդունվեց այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի հերթական նիստում։

Նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում: Որոշման նախագիծն ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ձևաչափ գտնել ու քննարկում կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։

Ընդդիմությունը առաջարկվել էր նաև հարակից զեկուցման հնարավորություն տալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս առաջարկը ևս ընդունվեց Ազգային ժողովի կողմից։