Ստամբուլյանի ընկերությունը Ստամբուլ ուղևորափոխադրումներ արե՛լ է․ պատգամավորը մոլորեցնում է

#CivilNetCheck

Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, անդրադառնալով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, հիշատակեց «Ստամբուլ-Երևան» սպասվելիք թռիչքները և ակնարկեց, թե առաջարկող փոփոխություններն արվում են «կոնկրետ երկրի» համար։

Ի պատասխան մեղադրանքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր ‎Հասմիկ Հակոբյանը հայտնեց, որ Ստամբուլյանի հիմնադրած «Անռիվա-Տուր» տուրիստական ընկերությունը տարիներ շարունակ դեպի Թուրքիա ուղևորափոխադրումներ է իրականացրել։

«Դուք չպետք է այդ թեմայից խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք վաստակել մեր հայրենակիցներին դեպի Ատամբուլ տեղափոխելու արդյունքում»,- ասաց Հակոբյանը։‎

Մանիպուլյատիվ հերքում

Հռիփսիմե Ստամբուլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ իր ընկերությունը երբևէ դեպի Ստամբուլ թռիչք չի իրականացրել և միայն 2012-2013 թթ․ ավիատոմսի «ուղղակի գովազդ» է արել՝ Երևան-Ստամբուլ տոմսեր վաճառելով։

«‎Անռիվան երբևէ որևէ թռիչք դեպի Ստամբուլ չի իրականացրել [․․․]։ Ենթադրում եմ՝ կարդացել են 2012-2013 թթ. ավիատոմսի ուղղակի գովազդ։ Այսինքն, ընկերությունը հանդիսանալով տուրիստական ընկերություն, վաճառում էր ինչպես դեպի Մոսկվա, այնպես էլ դեպի Ստամբուլ տոմսեր։ Դա չի նշանակում, թե ընկերությունն իրականացնում էր դեպի Ստամբուլ թռիչքներ»‎,- հայտնեց Ստամբուլյանը՝ պնդելով, որ իրեն զրպարտել են։

Իսկապես, ըստ ընկերության կայքի և սոցիալական ցանցերում հրապարակված տվյալների՝ ընկերությունը հիմնադրման պահից տուրիստական գործունեություն է ծավալել, այլ ոչ թե ավիափոխադրողի, և միայն 2017-ին է դարձել եգիպտական AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Սակայն պատգամավորը չի հայտնում, որ իրեն պատկանող «Անռիվա-Տուր» ընկերությունը առնվազն 2014-ին կանոնավոր իրականացրել է ցամաքային ուղևորափոխադրումներ դեպի Թուրքիա և թռիչքներ կազմակերպել Վրաստանի տարածքով դեպի Անթալիա: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նկատենք, որ իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը խոսում էր հայաստանցիներին Ստամբուլ տեղափոխելու, այլ ոչ թե կոնկրետ ավիափոխադրումների մասին։
Բացի այդ, Ստամբուլյանին պատկանող մի ուրիշ ընկերություն՝ «Անռիվա-Տռանս»-ը, իրականացրել է նաև բեռնափոխադրումներ և պահեստային ծառայություններ Թուրքիայում։ Բեռնափոխադրումների ծառայության մասին վերջին հիշատակումը եղել է 2018-ի մարտին։

2018-ի օգոստոսին ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ սկբունքայնորեն չի վաճառում ուղևորատոմսեր դեպի Անթալիա։

CivilNet Check-ը կապ հաստատեց «Անռիվա-Տռանս»-ը ընկերության հետ և փորձեց պարզել՝ արդյոք ներկայում ընկերության միջոցով հնարավոր է բեռնափոխադրումներ կատարել դեպի Թուրքիա։ Ընկերությունից հայտնեցին, որ ներկայում փոխադրումներ կատարում են միայն ԵԱՏՄ և մի քանի այլ երկրներ, բայց օրինակ Թուրքիա և Վրաստան, չեն իրականացնում։

Փաստացի, Ստամբուլյանի հիմնադրած և ղեկավարած ընկերությունները վաճառել են դեպի Թուրքիա ավիատոմսեր, ինչպես նաև կազմակերպել օդային և ցամաքային ճանապարհով ուղևորների և բեռների փոխադրումներ, իսկ պատգամավորի հերքումները մոլորեցնող են։

Մեկնաբանել