Փաշինյանի իշխանության «կարծրացման» ու Ադրբեջանում հեղափոխության հիմքերի շուրջ․ զրույց Վիգէն Չըթըրեանի հետ


Քաղաքական համակարգերը հանրությունների հետ կապի մեջ լինելու անհրաժաշետություն ունեն, երբ այդ կապը խզվում է, տեղի է ունենում սոցիալական պայթյուն․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը՝ մեկնաբանելով ղազախստանյան իրադարձությունները։ Խոսելով Հայաստանում սոցիալական ընդվզման հավանականության մասին՝ Չըթըրեանն ասում է, որ Հայաստանի հանրությունը մի քանի շոկ ապրեց վերջին տարիներին, որոնք փոքր երկրի համար շատ-շատ են։ Նա անդրադառնում է նաև հարցին, թե հնարավո՞ր է հետխորհրդային տարածքում հաջորդ պայթյունը տեղի ունենա Ադրբեջանում։ Հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի մասին Չըթըրեանն ասում է, որ այն դատարկ է և լցվում է հայհոյանքներով։

Ղազախստանյան իրադարձություններից հետո կրկին ակտիվացան խոսակցությունները հետխորհրդային տարածքում քաղաքական համակարգերի փլուզման, ավտորիտար ռեժիմների մասին։ «Մեդիամաքս»-ում լույս տեսած հոդվածում նշում եք, որ այն քաղաքական ռեժիմները, որոնք մշտապես բարեփոխումների չեն ենթարկվում, մինչ այդ հանրությունները շարունակաբար զարգանում են, ի վերջո կարծրանում են և ապակու նման փշրվում։ Սա մի գործընթաց է, որն իրոք օրինաչա՞փ է և կանխատեսելի՞, եթե Ղազախստանի օրինակով վերցնենք։

Ղազախստանի իշխանությունը ձևավորվել է Գորբաչովի ժամանակ՝ 80-ականների վերջին։ Այդ նույն իշխող խումբը՝ Նազարբաևը և իր շրջանակը, 30 տարի է՝ իշխանության գլխին են, և այդ 30 տարվա ընթացքում Ղազախստանը իբրև երկիր, հանրություն, կառույց իր ենթակառույցի մեջ հսկայական փոփոխություն է ապրել, բայց նրա քաղաքական համակարգը շատ քիչ փոփոխություն է ապրել, և սա նման է արաբական երկրներին, որտեղ նույնպես այդ տարբեր իշխող վերնախավերը 40 տարի իշխանության գլխին են։ Նման համակարգերը դժվարություն ունեն՝ զարգացնելու իրենց քաղաքական համակարգը, ինստիտուտները՝ պահելով իրենց ժողովրդի ապրելու տեմպերը։ Ի վերջո, հասնում են մի կետի, երբ հակասությունները այնքան մեծ են, որ պայթյուններ են լինում։ Դա տեսանք Միջին Արևելքում և մի քանի շաբաթ առաջ՝ Ղազախստանում։

Այսինքն դժգոհությունը, բողոքը, որոնք տարիներով կուտակվում են, ի վերջո պայթում են։

Այո, քաղաքական համակարգերը իրենց հանրության, ժողովրդի հետ կապի մեջ լինելու կարիք ունեն։ Այս կապերը, օրինակ, զարգացած պետություններում, պետական ինստիտուտների միջոցով են՝ Ազգային ժողով, խորհրդարան և այլն։ Եվ նույնիկ այդ համակարգը բավարար չէ, որ ընտրությունների ժամանակ դու քաղաքական դաշտի մեջ փոփոխություններ իրականացնես։

Եթե վերցնենք հետխորհրդային տարածքը, այն մեծամասամբ բաժանված է երկու կատեգորիայի պետությունների՝ մի մասը կարծրացած, ավտորիտար ռեժիմներ, մյուսը՝ հեղափոխությունների միջով անցած և ոչ մեկ անգամ, այդ երկրներն անընդհատ այդ ցիկլի մեջ են, և այստեղ մի տեսակ երկընտրանք կա՝ մնալ կայուն, կանխատեսելի, բայց ավտորիտար ռեժիմով, զարգանալու ու բարեփոխումներ ունենալու համար մտնել հեղափոխությունների մեջ, որոնք հաճախ կարող են նաև կործանարար լինել։ Ոսկե միջինը հետխորհրդային տարածքում կա՞, օրինակ, մի պետություն, պետության մոդել, որը որպես օրինակ կարող է ծառայել, թե ինչպես կարելի է զարգանալ առանց կատակլիզմների։

Հեղափոխություններն ունենում են տեսակներ։ Մի տեսակն այն է, որ հին համակարգը այլևս հանրության վստահությունը չի վայելում, և կամ հին վերնախավի ներսում կան հակասություններ, և այդ հեղափոխությունը հին վերնախավը փոխարինում է նորով, բայց նորը պահպանում է հին համակարգը։ Նման հեղափոխությունների պարագայում մենք վերստեղծում ենք հին պայամնները և մտնում ենք հեղափոխությունների շարքի մեջ։ Լավ օրինակներից մեկը Ղրղզստանն է․ Ասկար Ակաևի կարծրացած համակարգը տեղի տվեց 2005-ի հեղափոխությանը, եկավ նոր վերնախավ, որը Ղրղզստանի հարավից էր, օրինակ՝ Բակիևի իշխանության ժամանակ, բայց հինգ տարի հետո մենք տեսանք նոր հեղափոխություն։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց նոր վերնախավը չկարողացավ լուծել այն տնտեսական, սոցիալական հարցերը, որոնք բերեցին հեղափոխության։ Հիմա գալով այս տարածաշրջան՝ միակ հաջող օրինակները հետխորհրդային համակարգից դուրս եկած բալթյան երկրներն են, որոնք այսօր վայելում են որոշ հաջողություն, քանի եվրահամայնքի մաս դարձան։

2018-ից շատ ժամանակ չի անցել, այդուհանդերձ մենք արդեն կարո՞ղ ենք ինչ-որ գնահատական տալ, թե Հայաստանում ինչ տեղի ունեցավ․ իշխանափոխությո՞ւն էր, թե՞ պահպանվեց համակարգը կամ առնվազն փոխվելու ճանապարհին է։

Կան որոշ տվյալներ, որ մեզ տանում են այն ուղղությամբ, թե այստեղ 2018-ից ձևավորված իշխանությունը վերարտադրելու էր հին համակարգը։ Հին համակարգի հիմնական խնդիրն այն էր, որ Հանրապետական կուսակցությունը փոխարինել էր խորհրդային կոմունիստական կուսակցությանը։ Հանրապետական կուսակցությունը իշխող կուսակցություն էր, որը ոչ միայն պետական համակարգն էր ներկայացնում, այլ, միևնույն ժամանակ, իշխող տնտեսական վերնախավը։
Այլ կերպ ասած՝ թե՛ քաղաքական համակարգը և թե՛ տնտեսական համակարգը խտացված էր մեկ կետի մեջ։ 2018-ից հետո, երբ դեկտեմբերին ձևավորվեց նոր Ազգային ժողովը, այնտեղ կա մեկ ուժ, որն ունի քաղաքական մենաշնորհ։ Ուրեմն, եթե մենք ունենք մեկ ուժ, որը ներկայացնում է ամբողջ քաղաքական դաշտը, այն փորձելու էր վերցնել ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաև տնտեսականը և ունենալով իշխանության բոլոր լծակները՝ քաղաքական և տնտեսական, համակարգը վերարտադրելու է հին Հանրապետական մոդելը կամ բրեժնեվյան մոդելը և չի լուծելու Հայաստանի հիմնական խնդիրը, որն է՝ դուրս գալ բրեժնևյան մոդելից և իրականացնել շատ խորքային բարեփոխումներ բոլոր բնագավառներում՝ Հայաստանը տանելով դեպի զարգացում։

Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի մասին՝ դուք տեսնո՞ւմ եք կարծրացման միտումներ, վտանգներ, որոնք կարող են ի վերջո այս իշխանությանը կտրել հանրությունից, և այն կարող է բռնել նախորդի ճանապարհը։

Կան նշաններ այդ ուղղությամբ թե՛ նրանց դիսկուրսի մեջ, թե՛ արժեհամակարգի արտահայտության և որոշ տնտեսական նշույլներ, որոնք ցույց են տալիս՝ իշխող վերնախավը փորձում է վերցնել տնտեսական լծակները, որոնք ոչ վաղ անցյալում պատկանում էին հին համակարգին՝ Հանրապետական կուսակցությանը և նրա շուրջ ձևավարված օլիգարխներին։ Այս բոլորը ցույց է տալիս, որ կա այդ վտանգը։ Սա մեծ պատմական խնդիր է Հայաստանի համար, քանի որ սա Հայաստանի երկրորդ հեղափոխությունն է, որն ապրում ենք։ Առաջին հեղափախությունը մենք ապրեցինք 80-ական թվականների վերջին և մեկ հեղափոխություն բավարար չէր Հայաստանի համար դուրս գալու այդ բրեժնևյան խորհրդային մոդելից՝ ստեղծելով մեկ համակարգ, որում քաղաքական և տնտեսական վերնախավերը տարբեր են, և այսօր՝ 2018-ի հեղափոխությունից հետո, մենք այդ նույն վտանգի առջև ենք։

Եթե որպես մեկնակետ վերցնենք այն միտքը, որ հեղափոխությունները ցիկլիկ են և կարող են ժամանակ առ ժամանակ կրկնվել, Հայաստանում, կարծես թե, կային հեղափոխության նախադրյալներ՝ պատերազմի աղետալի հետևանքներ, անկայունություն, այսօր կան նաև թանկացումներ՝ գազի, լույսի, ջրի և այլն։ Այս դժգոհությունը ի վերջո կարո՞ղ է կրկին կուտակվել և բերել իշխանափոխության, ցույցերի, թե՞ վաղ է նման բաների մասին խոսելը։

Հայաստանի հանրությունը վերջին վեց տարվա ընթացքում մի քանի շոկ ապրեց․ 2016-ի պատերազմը, որ փոքր շոկ էր, բայց ի վերջո այդ պատերազմն էր, որ առիթ ստեղծեց 2018-ի հեղափոխության, այնուհետև եղավ 2018-ի հեղափոխությունը և 2020-ի պատերազմը, պարտությունը, զոհերը։ Փոքր երկրի համար այս բոլոր շոկերը շատ-շատ էին։ Այսօր կան տնտեսական դժվարություններ, ես չեմ մտածում, որ այդ բոլորը բերելու է ապստամբության փողոցներում, բայց կարող է բերել այլ բացասական երևույթների․ Հայաստանը կարող է տեսնել արտագաղթ կամ դրա ուժեղացում։ Այսօր Հայաստանի հանրությունը մի շարք խնդիրներ ունի, բայց հանրային կարծիքը չի տեսնում, որ իշխանությունը կամ ընդդիմությունն իր խնդիրներին քաղաքական արտացոլում է տալիս, և սա մեծ հուսահատության աղբյուր է։

Հոդվածում խոսում եք ավտորիտար, կարծրացած ռեժիմների մասին, բերում եք Ղազախստանի և Բելառուսի օրինակը, հետաքրքիր է՝ Ադրբեջանը այնտեղ բացակայում է, ինչո՞ւ եմ ասում Ադրբեջան, որովհետև ղազախստանյան դեպքերից հետո հատկապես սկսեց քննարկվել, թե ով կարող է լինել հաջորդը։ Դուք այսօր տեսնո՞ւմ եք Ադրբեջանը՝ որպես նման սցենարով անցնելու հաջորդ թեկնածու երկիր։

Այսօր ուղիղ՝ ոչ, քանի որ Իլհամ Ալիևը իր կյանքում առաջին անգամ դարձել է լեգիտիմ իշխող՝ Ադրբեջանի 2020-ի իր հաղթանակից հետո։

2003-2020-ը նա Հեյդար Ալիևի տղան էր, իսկ այսօր նա Ադրբեջանում դարձել է ինքնուրյուն քաղաքական կերպար։ Բայց այս հանգամանքները մինչև վերջ չեն փաստում, որ Արդրբեջանը վտանգի առջև չէ։ Նրա համակարգը շատ կարծրացած և շատ կոռումպացված է, և այդ համակարգը չի կարող Ադրբեջանի հանրության արագ փոփոխվող կարիքները հոգալ, ճշտել, գիտակցել նույնիսկ չի կարող, քանի որ Ադրբեջանի մեջ հիմա ազատ մամուլ չկա, ազատ սոցիոլոգ չկա, ազատ հանրային կարծիք ձևավորող ու ազատ ընդդիմադիր կուսակցություններ չկան։ Ուրեմն այս ամենը Ադրբեջանի վերնախավին հնարավորություն չի տալիս հասկանալու իր հանրության զարգացումները, խնդիրները, և դրանց ուղղությամբ աշխատանք տանել։ Ուրեմն Ադրբեջանը կարող է միջին ժամանակահատվածում նման պայթյունների թեկնածու դառնալ, բայց Ադրբեջանը երկրորդ վտանգի առջև է, որը շատ ավելի վտանգավոր է նրա պետականության և ապագայի համար։ Ադրբեջանը նստած է սուննի-շիա հակասության ճեղքի վրա։ Նա, լինելով շիա մեծամասնության երկիր, դաշնակցում է սուննի Թուրքիայի հետ։ Այսօրվա Թուրքիան, այսօրվա իշխող վերնախավը աշխարհիկ չէ, այլ իսլամիստ սուննի վերնախավ է։ Սա ստեղծում է մի շարք հակասություններ Ադրբեջանի համար, որոնք Իլհամ Ալիևը և նրա խումբը չեն կարող գիտակցել։

Եթե առանձնացնենք, որո՞նք են հիմնական ականները, որոնք կարող են բերել պայթյունի՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, կրոնական գործոն, գաղափարական, արժեքային հարցեր։

Մի շարք գործոններ կան, անշուշտ, սոցիալ-տնտեսական դժվարությունները կարող են սրել այդ քաղաքական հակասությունները, բայց կարող են ուրիշ գործոններ դարձյալ ձևավորվել։ Օրինակ՝ գիտենք, որ նվազագույնը 900 ադրբեցանցի վերջին տարիններին գնացել է Սիրիա և Իրաք և միացել սուննի ջիհադական խմբերին, ուրեմն այնտեղ մեծ թվով նախկին «Ալ-Կաիդա»-ի անդամներ կան, որոնք Ադրբեջանի հանրության մաս են կազմում։ Հետևաբար առաջիկա տարիներին այս մարդիկ ինչ քաղաքական աշխատանք են մշակելու՝ ոչ ոք չգիտի։

Եթե գանք Հայաստանին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այսօր, ինչպես գիտեք, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, օրերս արդեն պաշտոնապես մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մի փոքր կուզեի ընդհանրական գնահատական տալ․ արդյոք Հայաստանը այսօր ունի՞ հստակ ռազմավարություն՝ ինչպես խոսել իր հարևաններ հետ, դաշնակիցների կամ այլ գործընկերների հետ։ Դուք տեսնու՞մ եք նման ռազմավարություն։

Պատերազմից հետո այսօրվա իշխանությունները զարգացնում են մեկ քաղաքական դիսկուրս, այն արմատապես տարբեր է այն քաղաքական խոսույթից, որը կար պատերազմից առաջ։ Այսօրվա իշխանությունները պարտավոր են բացատրել՝ ինչպե՞ս պատերազմից առաջ կար մի խոսույթ և ինչո՞ւ այսօրվա խոսույթը փոխվեց, դա նրանք պետք է բացատրեն իրենց հանրությանը, որ հանրությունը հասկանա, համաձայնի-չհամաձայնի, կոնսենսուսից առաջ լինի քաղաքական երկխոսություն։ Կարող է և կոնսենսուսի չհասնի, երանի՝ հասնի, բայց գոնե քաղաքական բանավեճը, երկխոսությունը զարգանա, այսօր այդ քաղաքական երկխոսությունը բացակայում է։ Իշխանությունները չեն բացատրում նոր քաղաքականության իմաստը՝ դեպի ուր ենք գնալու, ինչ միջոցներով և ինչ գին ենք վճարելու։ Ընդդիմությունը նույնպես չունի նոր բանավեճ՝ պատերազմից հետո Հայաստանի քաղաքական դաշտը ինչպես պետք է ձևավորվի։ «Դավաճանը» և «կապիտուլյանտը» այս քաղաքական դիսկուրսի դատարկության արդյունքն է։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություները ի՞նչ սպեցիֆիկ կողմեր ունեն, Ադրբեջանին և Թուրքիային պե՞տք է նույնացնել։

Սա Հայաստանի չորս ղեկավարությունների ձախողումն է․ 1993-ից ի վեր Հայաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքականից բաժանելու կարիք ուներ։ Այդ փորձը 90-ական թվականների սկզբից եղավ, ձախողվեց, 2008-ի հայ-թուրքական բանակցությունները երկրորդ փորձն էր, որը դարձյալ ձախողվեց։ Ուրեմն, եթե Հայաստանը կարողանար տարանջատել այս գործընթացները, մենք կկարողանայինք թուլացնել հայ-ադրբեջանական հակասությունները և մանավանդ՝ երկրորդ պատերազմի վտանգը։ Մենք դա ձախողեցինք, քանի որ քաղաքական առումով Հայաստանը բավական ճկունություն չցուցաբերեց, նույնիսկ Ցյուրիխի արձանագրությունների բանակացութունների ժամանակ հայկական դիվանագիտությունը կարող էր հասկանալ, որ Թուրքիան մեծ ճնշման տակ էր Ադրբեջանի կողմից, հսկայական ճնշման տակ էր, ադրբեջանցիք զայրացած էին, և Հայաստանը կարող էր խորհրդանշական քայլեր անել Ադրբեջանի ուղղությամբ՝ նրան հանդարտեցնելու և Ցյուրիխի արձանագրությունները զարգացնելու ուղղությամբ, բայց չկարողացավ անել։

Ես կավելացնեի այն փաստը, որ հայաստանյան քաղաքական գործիչները և վերլուծաբանները երբեմն Ադրբեջանին կոչում են թուրքեր․ սա Հայսատանի ռազմավարական շահերի դեմ է։ Հայաստանի ռազմավարական շահերը պահանջում են, որ մենք տարանջատենք Ադրբեջանն ու Թուրքիան։ Եթե մենք անգամ լեզվի մեջ ենք նույնացնում այդ երկուսը, մեր ռազմական և քաղաքական մտքի մեջ չենք կարող Ադրբեջանը Թուրքիայից տարանջատել, բայց Հայաստանի շահերը դա են պահանջում են։

Հաշվի առնելով, որ հայ-թուրքական գործընթացում էլ ստատուս քվոն փոխվել է, և այսօր Ադրբեջանի և Թուրքիայի կախվածությունն էլ է փոխվել, այսօր ի՞նչ կարող ենք ակնկալել այս բանակցություններից։

Այս բանակցություններից կարող ենք լարվածության թուլացում ակնկալել, անշուշտ, տնտեսական կապեր հաստատում Թուրքիայի հետ և Թուրքիայի միջոցով՝ եվրոպական հսկայական շուկայի ուղղությամբ, բայց այդ բոլորի դիմաց Թուրքիան ի՞նչ գին է պահանջում, և Հայաստանի հանրային կարծիքը ի՞նչ գնի է պատրաստ՝ սրանք նյութեր են, որոնց շուրջ հստակություն չկա այսօր։

Այսօր մենք՝ որպես պետություն, գիտակցո՞ւմ ենք՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում, որոնք պետք է լինեն մեր երկարաժամկետ կամ կարճաժամկետ նպատակները։

Մենք պատերազմից առաջ հայկական քաղաքական միտք ունեինք, որի հիմքի վրա մշակված էին դիվանագիտական, քաղաքական, ռազմական իստիտուտներ և քաղաքականություն, այդ բոլորը 2020-ին փշրջվեց պարտությամբ։ Մենք այսօր կարիք ունենք վերանայելու այն հիմնական գաղափարները, որոնց վրա է մեր քաղաքական դաշտը ձևավորված։ Մենք պետք է մեր բոլոր վստահ գաղափարները հարցականի տակ դնենք և փորձենք պատասխաններ շարադրել։ Դժբախտաբար, մեկ տարուց ավելի է անցել, բայց մինչև հիմա այդ աշխատանքը չի սկսվել։

Հայսատանը ունա՞կ է միայնակ ստեղծելու այդ օրակարգերը, այդ քաղաքական միտքը։

Հայաստանի ինստիտուները կարիք չունեն այդ աշխատանքները միայնակ տանելու։ Հայաստանի ինստիտուտները պետական, ոչ պետական, մտավորական, համալսարանական օգնողներ ունեն, այդ աշխատանքը սփյուռքի մեջ է սկսվել, բայց եթե այն մնա սփյուռքում, ոչ մի ազդեցություն չի ունենա, այդ աշխատանքի անհրաժեշտության ազդակները Հայաստանից պետք է գան, և եթե Հայաստանը կարիք ունենա մասնագետների, սփյուռքի միջոցով կարող է հասնել այդ մասնագետներին։

Պատրաստեց Լիա Ավագյանը

Մեկնաբանել