Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը դարձան Երևանի փոխքաղաքապետեր

Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում առողջապահության արդեն նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացրել էր քաղաքապետը, նշանակել՝ Երևանի ավագանին։

Ձախից աջ՝ Ստեփան Մաչյան, Սուրեն Գրիգորյան, Գևորգ Սիմոնյան

Երևանի ավագանին 2021-ի դեկտեմբերի 22-ի նիստին անվստահություն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ էր ընտրել Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ի և հունվարի 24-ի որոշումներով փոխքաղաքապետեր Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը և Սերգեյ Հարությունյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։