Կրեմլում խոսել են Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության մասին

Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունն ունի իր նպատակները, և դրանք պետք է իրագործվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ գործողությունը նախատեսվածից շուտ դադարեցնելու մասին տեղեկություն իրեն հայտնի չէ։

«Գործողությունն ունի իր նպատակները, դրանք պետք է իրագործվեն։ Նախագահը ասել է, որ բոլոր որոշումներն ընդունվել են, ու նպատակները կիրագործվեն»,- ըստ РИА Новости գործակալության՝ ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ասել է նաև, որ Ուկրաինան պետք է մաքրել «նացիստներից, նացիստական գաղափարախոսություն ունեցող մարդկանցից»։

Փետրվարի 24-ին ռուսական զորքերը սկսեցին հատուկ օպերացիա Ուկրաինայի տարածքում։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը երկիր են ներխուժել Ռուսաստանի ու Բելառուսի տարածքից։

Փետրվարի 21-ին ռուսական կողմը հայտարարեց, թե ուկրաինական ուժերը դիվերսիոն հարձակում են նախաձեռնել պետության սահմաններին, ինչպես նաև հրետակոծել են սահմանապահ ուղեկալներից մեկը։ Այնուհետև Դոնբասից ու Լուգանսկից Վլադիմիր Պուտինին խնդրեցին ճանաչել իրենց անկախությունը, նույն օրը Ռուսաստանի նախագահը հրավիրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

Անվտանգության խորհրդի նիստից հետո Վլադիմիր Պուտինը հանդես եկավ երկար ուղերձով, որը պարունակում էր պատմական վերլուծություն։ Նա ճանաչեց Դոնբասի ու Լուգանսկի անկախությունը։

Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի ապառազմականացման գործողության մեկնարկի մասին. «Իմ կողմից հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է ընդունվել։ Նրա նպատակն է պաշտպանել մարդկանց, որոնք շուրջ 8 տարի ենթարկվում են ծաղրի, ցեղասպանության կիևյան ռեժիմի կողմից»,- նշեց նա։

Մեկնաբանել