Պուտինը հաստատել է՝ պատրաստ է Կիևի հետ բարձր մակարդակով շփումների

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստաին՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Սի Ծինփինը նշել է, որ աջակցում է բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ կայքի՝ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է Կիևի հետ բարձր մակարդակով շփումների։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր նստել բանակցային սեղանի շուրջ։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։ Փետրվարի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիև, ժամը 12:30-ի սահմաններում ռուս զինվորականներն արդեն Կիևի շրջաններից մեկում էին։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։

Մեկնաբանել