Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկում է նստել բանակցային սեղանի շուրջ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք բանակցային սեղանի շուրջ նստենք, որպեսզի կանգնեցնենք մարդկային զոհերը»,- ուղերձում ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև քննադատել է Եվրոպային՝ դանդաղ օգնություն ցուցաբերելու համար. «Չենք տեսնում, թե ինչ եք պատրաստվում անել»։

Ուկրաիներեն ելույթը Զելինսկին ավարտել է ռուսերենով դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին ռուսաստանցիներին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ
ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 24-ին հաղորդել էր, որ ռուսական զորքերն Ուկրաինա են ներխուժել Ռուսաստանի և Բելառուսի տարածքից։ Հարձակումները
տեղի են ունեցել Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի և Ժիտոմիրի
սահմաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքից։ Փետրվարի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիև, ժամը 12:30-ի սահմաններում ռուս զինվորականներն արդեն Կիևի շրջաններից մեկում էին։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը զուգահեռ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ արդեն հայտարարել է ռուսական չորս բանկերի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև տեխնոլոգիաների արտահանման արգելք սահմանելու մասին։ Եվրամիությունը ևս պատժամիջոցների փաթեթ է պատրաստում։

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները
ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին
ուղերձից հետո։

Մեկնաբանել