Ներքին Հանդի մասին ՊՆ-ի մոլորեցնող պնդումները

Հայկ Հովհաննիսյան

Հովհաննես Նազարեթյան

Ազգային ժողովում մարտի 23-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ հարցադրումներին, հակադարձել էր՝ դրանք կեղծիք և սուտ որակելով։

Գրիգորյանը, մասնավորապես, հարցրել էր, թե ինչպե՞ս է հնարավոր եղել այդ տեղանքում ադրբեջանական ուժերի առաջխաղացումը, ինչո՞ւ դրանք չեն զբաղեցվել հայկական ուժերի կողմից, երբ հակառակորդը դրանք լքելուց էր և ինչու գյուղացիները չեն զգուշացվել, որ այդ հատվածում ադրբեջանցիներ են տեղակայված։

Պապիկյանն ի պատասխան նշեց, որ այն ինչ վերջինս ասում է, իրականության հետ աղերս չունի։ Գրիգորյանի բարձրաձայնած հարցերից միայն մեկին անդրադարձավ. «Խոսքը վերաբերում է նրան, որ բա գիտեք պատահական գյուղացին գնաց հայտնաբերեց, որ հակառակորդը հայտնվել է իր դիրքում, իսկ ո՞վ ասաց, որ դրա մասին ՊՆ-ն տեղյակ չէր, չէր տիրապետում մեր սահմաններին կամ դիրքերին…»։

Մինչդեռ Աննա Գրիգորյանը մեծապես վերարտադրում էր պաշտպանության նախարարության հայտնած տեղեկությունները։

Ի՞նչ է եղել Ներքին Հանդում

Այսպես, մարտի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Սյունիքում՝ Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղի մոտ, ադրբեջանական ուժերն առաջ են եկել և հաստատվել Հայաստանի տարածքում։ Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Tert.am-ին հայտնեց, որ մոտ տասն օր առաջ են ադրբեջանցիները եկել գյուղի մոտակայք և գյուղի գերեզմանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա հինգ վրան տեղադրել։

«Գյուղացիները թեև կարողանում են մոտ գնալ այդ հատվածներին, բայց վտանգավոր է։ Ճիշտ է՝ կրակոցներ կամ սադրանքեր չեն եղել, բայց ամեն դեպքում՝ մոտ են գտնվում գյուղին»,- ասել էր նա։ Բաղդասարյանը նաև հայտնել էր, որ ադրբեջանցիները շուրջ 800-900 մետր իրենց դիրքից իջել են՝ մտնելով Հայաստանի տարածք և սկսել են փորել խրամատներ։

Ադրբեջանական դիրքի տեղադրությունը Ներքին Հանդի շրջակայքում

Արձագանք՝ պաշտպանության նախարարությունից

Մարտի 15-ին պաշտպանության նախարարությունը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- ասվում էր ՊՆ պատասխանի մեջ։

Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ ադրբեջանցիները չեն մտել Հայաստանի ինքնիշխան տարածք։ «Ո՛չ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»,- ասաց Սարգսյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 21-ին տեղեկացրեց, որ Սյունիքում փաստահավաք աշխատանքի արդյունքում պարզվել է, որ գյուղի գերեզմանատան հարակից բլրի վրա մարտի սկզբին ադրբեջանական զինուժի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։

«Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել»,- ասվում է ՄԻՊ գրառման մեջ։

Արդեն մարտի 21-ին ՊՆ-ն նոր տեսանյութով պարզաբանում ներկայացրեց։

Հատկանշական է, որ պարզաբանման մեջ փաստացի ընդունվում է, որ ադրբեջանական դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում՝ խորհրդային (դե յուրե) սահմանից մոտ 600 մետր խորությամբ։ Ըստ ՊՆ-ի, խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվել է 2021-ի գարնանը։ Այնտեղ փորվել էին խրամատներ, սակայն եղանակի վատթարացմանը զուգընթաց ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, ըստ ՊՆ-ի, հեռացել է տարածքից և վերադարձել այս տարի և առանց առաջանալու՝ տեղադրել վրաններ։

Փաստորեն, փոխնախարար Արման Սարգսյանի պնդումը, որ Ներքի Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում չեն գտնվում, հերքվել է իր իսկ նախարարության կողմից։ Սարգսյանի և ՊՆ պարզաբանման հասկասության մասին արդեն իսկ գրել է «Հետքը»։

Հիմնավորում՝ բաց աղբյուրներով

ՍիվիլՆեթի Գորիսի թիմը մարտի 18-ին այցելեց Ներքին Հանդ՝ տեղում խոսեց բնակիչների հետ և լուսանկարներ հավաքեց տեղանքից, ուր առաջխաղացել էին ադրբեջանական ուժերը։

Համադրելով ստացված նկարները եռաչափ քարտեզի և արբանյակային լուսանկարների հետ՝ CivilNetCheck-ը պարզեց, որ ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են, իսկ դրա ուղղությամբ ադրբեջանական կողմը կառուցել է ճանապարհներ։

Արբանյակային լուսանկարների պատմությունը ուսումնասիրելով՝ պարզվում է, որ ադրբեջանցիների կողմից հողային նոր ճանապարհը կառուցվել է 2021-ի մայիսի 13-18-ը ընկած ժամանակահատվածում։


Աղբյուրը՝ sentinel-hub.com

Ամբողջացնելով՝ կարող ենք փաստել, որ պաշտպանության նախարարությունը, պնդելով, որ տեղյակ է եղել ադրբեջանական ուժերի՝ Ներքի Հանդի մոտակայքում հաստատվելու մասին և փաստացի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին, չի իրազեկել դրա մասին։

Ավելին՝ փոխնախարար Արման Սարգսյանի պնդումը, թե Ներքին Հանդի մոտ ադրբեջանական ուժերը չեն մտել Հայաստանի ինքնիշխան տարածք, կեղծ է և հերքվել է իր իսկ նախարարության կողմից։

Մեկնաբանել