Սիրիահայերը շարունակում են անցնել Լիբանան

Լիբանանի սահմանային Տրիպոլիի անցակետից «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի թղթակցի հաղորդմամբ` Տրիպոլի-Սիրիա սահմանային անցակետում, պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին երկու օրերի ընթացքում հաշվառվել է Տրիպոլի ժամանող շուրջ 2 հազ. սիրիացի: Իսկ Սիրիա-Լիբանան սահմանի վրա գտնվող չորս անցակետերից պաշտոնական տվյալներով վերջին երեք օրերին Լիբանան է անցել շուրջ 31 հազ. սիրիացի: Հալեպի հայերից Լիբանան է գնացել 7-8 ընտանիք. նրանք ժամանակավոր են անցել Լիբանան և Սիրիայում իրավիճակը կարգավորվելուն պես պատրաստակամ են վերադառնալ իրենց տները: Այս սիրիահայերը օժանդակության խնդրանքով դեռևս չեն դիմել պետական և հոգևոր կառույցներին: Որպես հայ ներկայանալով ազգային առաջնորդարան` օգնության խնդրանքով դիմել է միայն մի արաբախոս կին, սակայն Լիբանանի հայկական իշխանությունները պարզել են, որ կինը հայ չէ:

Հալեպի ազգային առաջնորդարանի լրատվության պատասխանատու Ժիրայր Ռաիսյանի խոսքով` իրավիճակն այսօր Հալեպում առավել հանդարտ է, բայց` ոչ կայուն, այլ միայն` սպասողական: «Կրակոցներ և պայթյուններ մեկընդմեջ կլսվին: Բախումներու թաղամասերե շատեր իրենց բնակարաններե հեռացած, տեղավորված են ավելի ապահով շրջաններու դպրոցներու, մզկիթներու, նույնիսկ համալսարանի հանրակացարանին մեջ: Հայկական կառույցները առայժմ ոչ մեկ վնաս արձանագրած են»,- նշել է նա:

Հալեպում շարունակվում են քաղաքի վերահսկողության համար մղվող դաժան մարտերը: Թուրքիայի լրատվամիջոցներն ու Սիրիայի ապստամբները հաղորդում են, որ մարտերի թատերաբեմը աստիճանաբար տեղափոխվում է դեպի Հալեպի պատմական կենտրոն, որը համարվում է UNESCO-ի մշակութային ժառանգության կոթող: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարության զորքը ուղղաթիռներով և հրետանիով գնդակոծում է Հալեպի մի շարք թաղամասերի ապստամբների դիրքերը:

Մեկնաբանել