Հայաստանում ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է ավելի քան 5500 մարդ

Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51,5%-ը, կանանց` 1,8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը: Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Այսօր՝ մայիսի 31-ին՝ առանց ծխախոտի համաշխարհային օրվա առթիվ նման վիճակագրություն է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահական գերատեսչությունը նշում է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հիշեցնում է նաև, որ 2020-ի փետրվարի 13-ին ընդունվել է հակածխախոտային օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:

Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը․ «Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»։

Մեկնաբանել