Ձերբակալվել է ԶՈւ հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը

Ձերբակալվել է Հայաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

«Պարզվել է, որ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու իրագործմանը։ Այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր 1 մլն դոլարից ավելի արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մատակարարված հրանոթի կրակոցները մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ․ «Հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ»։

«Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:

Մեկնաբանել