Լավրովը Բաքվում կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. ՌԴ ԱԳՆ

Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա տեղեկացմամբ՝ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին։

«Նախատեսվում է մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան:

Մեկնաբանել