Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստում կքննարկվի Հայաստանին օգնության տրամադրելու հարցը

Նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները․ «Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը»։

2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնելու է Բելառուսին։ Նոյեմբերի 23-ի նիստում քննարկվելու է Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ինչպես նաև նախագահությունը ստանձնող Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացնելու է հաջորդ տարվա առաջնահերթությունները։

Խորհրդի նիստի մեկնարկից առաջ տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել էր Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

***

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական դիրքորոշում կհայտնի Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման կապակցությամբ։

«Գիտեք՝ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021-ի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքրոշմանը: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք:

Ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության համար: Ուզում եմ շատ հստակ լինել. մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ: Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչն է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մեկնաբանել