Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտգործնախարար, հայտնի է ևս 3 նախարարի անուն

sergey ghazaryan

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի արտգործնախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Համապատասխան հրամանագրերը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Մեկ այլ հրամանագրով Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել է Արցախի արդարադատության նախարար:

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի քաղաքաշինության նախարար, Արմեն Մանգասարյանը՝ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Մանգասարյանը մինչ այս զբաղեցնում էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, Սամվել Ավետիսյանը նշանակվել էր Արցախի առողջապահության նախարար: Դեկտեմբերի 29-ին Սուրեն Գալստյանը նշանակվել էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:

***

Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել էր Արցախ պետական նախարար: Մինչ պաշտոնը ստանձնելը Վարդանյանը հայտարարել էր, որ պատրաստ կլինի ընդունել Արցախի նախագահի՝ պաշտոնը ստանձնելու առաջարկը, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Արցախի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրերով Արցախի կառավարության 11 նախարարներից 9-ն ազատվել էր պաշտոնից։ Իրենց պաշտոններում մնացել էին միայն պաշտպանության ու ներքին գործերի նախարարները։

Մեկնաբանել