Հայաշատ Քեսաբում հրդեհից երկու օր անց էլ հեռախոսակապը դեռ անջատված է

Երկու օր առաջ Քեսաբ ավանի Ֆուրունլոկի անտառներում սկսած կրակի մարման համար աշխատել է 160 հրշեջ՝ 60 մեքենայով և 6 ջրամբարով: Հրդեհի արդյունքում այրվել է մոտ 180 հեկտար անտառային տարածք. այս մասին հաղորդում է Syria News լրատվական կայքը:

Նշենք, որ անցած ամիսներին նույն շրջանում կրկին հրդեհներ են եղել, որոնք բռնկվել են, ըստ թուրքական կողմի, սահմանային շրջաններում Սիրիայի կառավարական ուժերի կողմից ընդդիմադիրների դիրքերը ռմբակոծելու արդյունքում:

Երեք հազարից ավելի անդամ ունեցող «Aleppo Armenians» էջը հաղորդում է, որ Քեսաբի հայ համայնքը, ականատեսների վկայությամբ, մարդկային վնասներ չի ունեցել: Հայաշատ ավանում հեռախոսակապն անջատված է, իսկ բջջայինն աշխատում է միայն Քեսաբի Չալմա շրջանում: Մոտակա Լաթաքիա քաղաքը հասնելու համար միայն Րաս Ալ Պասիթի ճանապարհն է գործում:

Մեկնաբանել