Արցախում հույս ունեն՝ կարճ ժամկետում ճանապարհը կբացվի

Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը․ այս մասին ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում։

«Մեր տվյալներով այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ասել է Ավանեսյանը:

Խոսնակը հաստատել է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել վերականգնել Հայաստանից Արցախ ամբողջական գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ: Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասել է խոսնակը։

***

Ադրբեջանը Արցախի ճանապարհը փակ է պահում 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Անցած 76 օրերի ընթացքում մոտ տասն անգամ խափանվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Արցախում էներգետիկ ճգնաժամ է սկսվել։

Թե՛ գազատարը, թե՛ բարձրավոլտ էլեկտրագիծը անցնում են ադրբեջանական վերահսկողության տարածքներով։

Տե՛ս նաև՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել էլեկտրագիծն ու գազամատակարարումը

Մեկնաբանել