Ովքեր են Հայաստանից ոսկի արտահանել Թուրքիա. Քրիստինե Վարդանյանի գրառման հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 2022-ին առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա 20,167 մլն դոլարի (353,1 կգ) ոսկու արտահանմանը։

Վարդանյանի խոսքով՝ ՀՀ «պարզ քաղաքացին» կամ միջին վիճակագրական գործարարը չէր կարող նման գործարք իրականացնել։

«Ուստի այստեղ մենք բախվում ենք խոշոր գործարարների շահերին, որոնց համար էլ անգամ անհնար կլիներ առանց պետական հովանավորության փակ սահմանով և թշնամական հարաբերություններ ունեցող երկրի հետ հաջողությամբ նման գործարքների իրականացումը։ Թե ինչ սխեմաներով է իրականացվել այսպիսի խոշոր գործարքը, ովքեր և ինչ եկամուտ են ունեցել գործարքից, հայ հասարակությանն անհայտ է»,- ահազանգել է Վարդանյանը։

Գրառումը տարածել են՝ news.am, auroranews.am, yerkir.am, mediahub.am, mamul.am, yerevan.today և այլն։

Սակայն անգամ բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ այս «գործարքի» մասին։

«Հետք»-ը դեռ երեք ամիս առաջ՝ 2022-ի դեկտեմբերին, անդրադարձել էր նույն տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա մեծ ծավալով ոսկու արտահանմանը։ Այս ծավալի ոսկի իսկապես առաջին անգամ է արտահանվում Թուրքիա։

Եվ «Հետք»-ը պարզել էր, թե որ ընկերությունն է դա արտահանել, և որտեղից է ներմուծվել այդ ոսկին։

Որ ընկերություններն են 2022-ին ՀՀ-ից ոսկի արտահանել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը, վիճակագրության մեջ նկատելով Հայաստանից Թուրքիա ոսկու արտահանման ծավալի աճը, ևս փորձել էր պարզել, թե ովքեր են կանգնած դրա հետևում։

Պետական եկամուտների կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնել էին, որ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից ոսկի արտահանել է ութ տնտեսվարող՝ «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղը, «Աղավնի Ադամյան» ԱՁ-ն, «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», «Ֆենսի Ջուվելրի», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Զալատոյ ստանդարտ», «Դայմոնդ ստանդարտ» և «Ալսեմա գոլդ» ՍՊԸ-ները։

ՊԵԿ-ը նաև տեղեկացրել էր, որ 2022-ին միայն մեկ ընկերություն է ոսկի արտահանել Թուրքիա, սակայն հրաժարվել էր հայտնել դրա անունը։

«Հետքի» տվյալներով՝ արտահանողը «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի Երևանում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղն է: Ըստ Պետական ռեգիստրի՝ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը գրանցված է Արցախում՝ Ստեփանակերտում, որի 100% բաժնետերը «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ն է։

«Ջի Էմ Հոլդինգ» ընկերության 55%-ի սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է, 45%-ինը՝ Արսեն Միքայելյանը:

«Վիտալի Գրիգորյանցը ռուսաստանաբնակ գործարար է։ Մինչև 2021-ի վերջերը Վիտալի Գրիգորյանցը եղել է «Հայբիզնեսբանկ»-ի հիմնական սեփականատերը (95%), իսկ Արսեն Միքայելյանին պատկանել է 5%-ը»,- գրել էր «Հետքը»։

«Գոլդեն հերիթիջ» ընկերությունից «Հետք»-ին չէին հերքել, որ իրենք են 2022-ին Հայաստանից ոսկի արտահանել Թուրքիա: Սակայն վստահեցրել էին, որ ոսկին վերջնարդյունքում առաքվել է ոչ թե Թուրքիա, այլ Արաբական Միացյալ Էմիրություններ:

««Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ն 2022-ի առաջին կիսամյակում իրականացրել է ռուսական արտադրության գործարանային ոսկու ձուլակտորների ներմուծում ՌԴ-ից և արտահանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ընկերության Ստամբուլի մասնաճյուղին»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել էին ընկերությունից՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Ընկերությունը նաև տեղեկացրել էր, որ ոսկին ներմուծել է Ռուսաստանից, ինչը հաստատել էր նաև Էկոնոմիկայի նախարարությունը։

Սակայն ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն որևէ կերպ չէին հաստատել, որ ոսկու գնորդ երկիրը ԱՄԷ-ն է և ոչ թե Թուրքիան, ինչպես պնդել է ընկերությունը:

Մեկնաբանել