Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ են կայացել

Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։

Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Բանակցություններից հետո հանդիպում է կայացել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անդրեյ Ռուդենկոյի միջև, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները․ «Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը»։

Մեկնաբանել