Փոխքաղաքապետի՝ վերելակների թվի մասին հայտարարությունը հակասում է վարչապետի խոստմանը

RA National Assembly session took place

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Երևանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։
«Մենք Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա։ Ընդ որում, ինչի՞ 700 և ոչ 2000 […], որովհետև ռեալիստականը այդքանն է. ավելին անելը կա՛մ անհնար է, կա՛մ դժվար կա՜մ ազդելու է որակի վրա»,- ասել էր Փաշինյանը։

2023-ին 700 նոր վերելակների տեղադրման մասին նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Փաստացի 2023-ին նախատեսվում է փոխարինել 573 վերելակ

Մինչդեռ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու ևս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։

«Կառավարությունն այս տարի մեզ աջակցելու է 473 վերելակների ձեռք բերման և տեղադրման հարցում։ Մենք ևս պլանավորում ենք 100-ն այս տարի մեջ բյուջեով, և հավելյալ խնայողությունների դեպքում՝ այդ թիվն էլ ենք ավելացնելու։ Այսինքն՝ 573 վերելակ է այս պահի դրությամբ պլանավորվում տեղադրել»,- ասաց Ավինյանը։

Երևանի բազմաբնակարան շենքերում մոտ 4 700 վերելակ կա, որոնցից փոխարինման ենթակա է 3 500-ը։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին փոխարինվել է ընդհանուր 574 վերելակ, որից 20-ը՝ 2019-ին, 500-ը՝ 2020-ին և 54 վերելակ՝ 2021-ին։ Արդեն 2022-ին փոխարինվել է 467 վերելակ, ընդ որում, միայն 382-ը՝ նշված ժամկետում։

Հատկանշական է, որ նախորդ տարիներին վերելակները փոխարինվել են բացառապես Երևանի համայնքային բյուջեով։ Այս տարի, ինչպես նշվեց, 473 վերելակների փոխարինումը սուբսիդավորելու է կառավարությունը, չնայած որ Երևանի ավագանու կողմից հաստատված «Երևանի զարգացման 2023» ծրագրում նշված է, որ բոլոր 700 վերելակները պետք է գնվեին համայնքային բյուջեով։

Ներկայում քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռքբերման մրցույթ [1,2]: Այսպիսով վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի խոստացված 700 վերելակից այժմ պլանավորվում է տեղադրել 573-ը, սակայն մրցույթ հայտարարված է միայն 500-ի մասով։

Մեկնաբանել