Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետը ինքնաբացարկ է հայտնել

Մասիսի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել էր միանգամից երեք ԲՀԿ-ականի` փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանի, քաղաքապետ Դմիտրի Նազարյանի և Ավետիք Դալլաքյանի թեկնածությունները:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է8, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուց հետո քաղխորհրդի նիստ են հրավիրելու և որոշելու, թե թեկնածուներից որ երկուսն են ինքնաբացարկ հայտնելու և ով է շարունակելու պայքարը ՀՀԿ-ական թեկնածուի հետ:

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն արդեն որոշում է կայացրել:

Այսպիսով` Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածու Սաշա Հակոբյանի դեմ պայքարը շարունակելու է փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը: Ավետիք Դալլաքյանն ու գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանն արդեն ինքնաբացարկ են հայտնել:

Լրատվամիջոցի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե որևէ ընտրատեղամասում ԲՀԿ-ն չի սատարի ՀՀԿ-ի թեկնածուին, Զոհրաբյանն ընդգծել է, որ թեև ՏԻՄ ընտրությունների ամբողջ պատկերին չի տիրապետում, բայց, որքանով տեղյակ է, այս պահին չկա ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված մի թեկնածու, որին ԲՀԿ-ն սատարում է:

Հարցին, թե բացառում է, որ կլինի նման դեպք, Զոհրաբյանը պատասխանել է. «Տեսականորեն բացառում եմ, քանի որ առաջադրումներն, ըստ էության, կարելի է ավարտված համարել, և չկա մի դեպք, երբ ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի»:

Մեկնաբանել