Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո ադրբեջանցի «էկո-ակտիվիստները» դադարեցնում են ակցիան

Ադրբեջանցի «էկո-ակտիվիստները» որոշում են կայացրել ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել Լաչինի միջանցքում ակցիայի անցկացումը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ ակցիայի դադարեցումը պայմանավորված է Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետի տեղադրման հանգամանքով։

«Այնուամենայնիվ, էկոակտիվիստները նշել են, որ ակցիան չի հասել իր նպատակին։ Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ պահանջում են վերջ դնել բնական պաշարների ապօրինի շահագործմանը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներում և ապահովել մոնիթորինգի անցկացման հնարավորությունը»,- գրում է կայքը։

***

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում էին ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։

Մեկնաբանել