Արայիկ Հարությունյանը շեշտել է Արցախում կայունության պահպանման անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին մարտահրավերները, «շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը»։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, քննարկելու է առաջարկները։

«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է Արցախի նախագահը։

***

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքին պահանջ ներկայացվեց Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարար՝ լայն լիազորություններով։ Նույն օրը Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «որոշել է ընդառաջ քայլ կատարել» և խորհրդակցություններ սկսել ներկայացված առաջարկի շուրջ:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի մայիսի 18-ի նիստի ընթացքում Արցախի նախագահին կոչ արեց ստեղծել պետական պաշտպանության կոմիտե․ «Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում (ընդգրկել – խմբ․) երկու մարդու՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։ Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն։ Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»:

Սամվել Բաբայանը՝ արձագանքելով Թովմասյանի առաջարկին, հայտարարեց, որ «սկզբունքորեն դեմ չէ» պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու գաղափարին։

1992-ի օգոստոսին ԼՂՀ-ում ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ), որին փոխանցվել էր ամբողջ գործադիր և մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ ՊՊԿ-ն ստանձնել էր ԼՂՀ-ն հակառակորդից ազատագրելու, ռազմական պայմաններում ապրող երկրի ներքին կյանքը և տնտեսությունը կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը։ 1994թ. դեկտեմբերին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, և առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿ-ի նախագահ Քոչարյանը:

Մեկնաբանել