Երբ Ակադեմիան իշխանությունների կցորդն է

Ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման և Ադրբեջանում նրա ներման հայաստանյան արձագանքներից շատերը հարցեր են առաջացնում: Սակայն կային արձագանքներ, որ պարզապես ծիծաղելի են թե իրենց բնույթով, թե գրված ոճով: Օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի որոշումը Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ կապերը խզելու մասին: Այս քայլի քննադատությամբ հանդես եկան նաև մի շարք գիտնականներ:

Դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Չուգասզյանի քննադատական հոդվածին ի պատասխան՝ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը նոր հայտարարություն տարածեց, որը կրկնում էր մեր օրերում հանդիպող մառազմատիկ հայտարարությունների ոճը և բնավ դրական չի խոսում Ակադեմիայի մասին ընդհանրապես և նրա ղեկավարության մասին` մասնավորապես:

Լ.  Չուգասզյանին Ակադեմիայի «հայտարարություն գրողները» համարել էին ադրբեջանամետ դիրք գրաված, հռետորական հարցեր էին տվել թշնամու ջրաղացին ջուր լցնելու մասին, գործի դնելով կոնսպիրոլոգիական զինանոցը՝ հարցրել, թե որ սադրիչ ուժերի թելադրանքով է պրոֆեսորն այդ քայլին գնացել:

ՀՀ ԳԱԱ ղեկավարության նման մակարդակը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում` առաջացնելով զվարճանք և միևնույն ժամանակ՝ ափսոսանք:

Հետխորհրդային շրջանում կրթական և գիտական հաստատությունների ղեկին հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք իրենց մակարդակով և վարքագծով լրջորեն խոչընդոտում են այդ ոլորտների զարգացումը: Գիտական կասկածելի ներդրում ունեցող այս մարկանց համար իրական վտանգ են արդյունքներ գրանցող գիտնականները, որոնց կա՛մ պետք է չեզոքացնել, կա՛մ էլ հնարավորինս շահագործել`օգտվելով սեփական ֆորմալ դիրքից: Այդ դիրքն էլ հնարավոր է դառնում միայն նման մթնոլորտում, երբ Ակադեմիան և կրթական հաստատությունները վերածվում են կուսակցությունների և իշխանությունների կցորդների, երբ այդ հիմնարկների ղեկավարները մեծ սիրով կատարում են տարբեր ապօրինի պահանջներ:

Հարցի լուծումը երկու ձևով կարող է լինել: Օրինակ վերևից: Երբ իշխանությունները հասկանում են վիճակը և հստակ խնդիրներ դնում գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ` չերկնչելով հրաժարվել իրենց դարն ապրած տեսակից: Մեր իրականության մեջ սա քիչ հավանական տարբերակ է:

Մնում է վերջին տարբերակը` ստեղծել այլընտրանքային համակարգեր, որակյալ կրթության հնարավորություն բացել հնարավորինս մեծ թվով անձանց համար, գտնել ֆինանսավորումներ տարբեր նախաձեռնությունների և գիտական արդյունքների համար: Սա ծանր, լրացուցիչ ռեսուրսներ և ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց, ցավոք, միակ կիրառելին մեր օրերում: