Սոցիալիզմ ըստ Օլանդի

Ֆրանսիան նոր հարկատեսակ է նախատեսում մեծահարուստների համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը TF1 հեռուստաալիքի եթերում։ Օլանդը պատրաստվում է հարկել €1 մլն-ը գերազանցող եկամուտների 75%-ը։ Միջոցառման նպատակը ոչ այնքան պետբյուջեի համալրումն է, որքան մեծահարուստներին սոցիալական պատասխանատվության կոչելը՝ շարքային ֆրանսիացիների հետ հավասար։ Ընդ որում՝ հարկատեսակը կարող է չեղյալ հայտարարվել երկրի տնտեսության վերականգնումից հետո, ինչի համար, ըստ Օլանդի, կպահանջվի առնվազն երկու տարի։

Օլանդը տեղեկացրել է նաև երկրի տնտեսական աճի կանխատեսման իջեցման մասին։ Այսպես՝ 2012թ. ակնկալվում է ՀՆԱ-ի միայն խորհրդանշական աճ, 2013թ ցուցանիշը 1%-ից ցածր կլինի՝ ավելի վաղ կանխատեսված 1,2%-ի փոխարեն։ Այդուհանդերձ, Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ առաջիկա 5 տարում իրադրությունը կբարելավվի։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումները կներկայացվեն մինչ տարեվերջ, իսկ առաջին արդյունքները շոշափելի կլինեն արդեն 2014-ից։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կանխատեսումների համաձայն՝ անկումը եվրոգոտում կպահպանվի մինչև տարվա վերջ։ Ընթացիկ եռամսյակում այն կկազմի 1%, չորրորդ եռամսյակում՝ 0,7%։ ՏՀԶԿ-ի գնահատականն արվել է եվրոգոտու երեք խոշոր տնտեսությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աճի կանխատեսումների հիման վրա։ Նշենք, որ կազմակերպությունը վերանայել է նաև վերջիններիս տնտեսական աճի կանխատեսումը՝ համեմատ 2012թ. մայիսի ցուցանիշների։

Չի բացառվում, որ Եվրամիության վարկունակության վարկանիշը հարկադրված լինի իջեցնել նաև Moody’s միջազգային վարկանշային գործակալությանը՝ պայմանավորված եվրոպական երկրների ռեցեսիայով, ինչպես նաև տարածաշրջանում գործարար ակտիվության անկմամբ։ Այս մասին գործակալությունում հայտարարել են անցած շաբաթ՝ «կայունից» «բացասականի» վերանայելով ԵՄ վարկանիշի կանխատեսումը։ Մինչ այդ «բացասական» էր իջեցվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների վարկանիշների կանխատեսումները։