Խաչիկյանները դեռ խայտառակում են ռեսպուբլիկան

Սոցիալական ապահովության ոլորտում խնդիրները չեն վերացել անգամ 2010թ. վերջին Վազգեն Խաչիկյանին Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից ազատելուց հետո։ Եթե Խաչիկյանի ժամանակ կենսաթոշակներ էին ստանում «մեռյալ հոգիները», ապա 2011թ. ընտանեկան նպաստներ են ստացել ձեռնարկատիրությամբ զբաղվող և ավտոմեքենա ունեցող անձինք։

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ, Ազգային ժողովում ներկայացնելով իր ղեկավարած կառույցի հաշվետվությունը, կրկին ուշադրության կենտրոնում է պահել սոցիալական ծառայությունների աշխատանքում հայտնաբերված խախտումները։ Այսպես՝ պարզվում է, որ անցած տարի բազմիցս թաքցվել է նպաստառու ընտանիքների անդամների աշխատելու փաստը, նպաստառուի կարգավիճակ են ստացել եկամուտ ունեցող անձինք։ «Անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանքի հիման վրա ընտանեկան նպաստ է տրվել, ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման գումարների վճարման ցուցակներում հայտնվում են մահացած և փոխհատուցման իրավունքը կորցրած ավանդատուներ»,– ասել է Զաքարյանը՝ հավելելով, թե արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները առողջության մասին ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա ստացել են հաշմանդամի կարգավիճակ՝ պետությունից ստանալով կենսաթոշակ, նպաստ, արտոնություններ։

Սոցապահովության ոլորտում ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է մոտ ֌150 մլն-ի 581 խախտում, որից վերականգնվել է մոտ ֌71 մլն-ը:

Պատգամավորների հարցին, թե ինչ առաջընթաց կա Սոցիալական ապահովության պետական ծառայության քրեական գործում, Զաքարյանը նշել է. «Խիստ սխալվում եք, եթե կարծում եք, որ այդ գործով նորություններ չկան: Այդ գործով արդեն մի քանի պաշտոնյաներ պատիժ են կրում, մի քանի մեղավորներ ձերբակալված են, քրեական գործ է հարուցվել, և գրեթե 80 քննիչներ ներգրավված են այս գործում: Չեմ կարծում, որ այս գործը կավարտվի 2-3 ամսից»։

Հիշեցնենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային կենտրոններից ստուգելով 14-ի 2008-2009 թթ., ինչպես նաև 2010թ. առաջին ութ ամիսների գործունեությունը՝ Վերահսկիչ պալատը հայտնաբերել էր, որ կենսաթոշակ է վճարվել մահացած քաղաքացիներին, վճարվել են կրկնակի կենսաթոշակներ, դեպոնենտի վճարումից հետո տեղեկատվական բազայում փաստացի տեղի ունեցած գործարքը ներկայացրել է իբրև չվճարված և այլն։ Ուշագրավ է, որ չնայած այդ բացահայտումներին՝ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի առավելագույն պատիժը եղավ այն, որ 2010թ. դեկտեմբերի 17-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից։

Նույնիսկ չնչին գումարներն են յուրացվել
Հայաստանում գիտության և գիտական հետազոտություններին պետբյուջեից հատկացվում են չնչին գումարներ՝ տարեկան շուրջ ֌10 մլրդ կամ ՀՆԱ-ի մոտ 0,25%-ը (զարգացած երկրներում՝ 1-3%-ը)։ Բայց անգամ այդ հանգամանքը կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին զերծ չի պահել չարաշահումներից։ Վերահսկիչ պալատի կողմից կոմիտեում ստուգումների ընթացքում հայտնաբերվել է, օրինակ, որ շարունակվել է հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերի ֆինանսավորումը՝ անտեսվելով փորձաքննության գործընթացը, բացասական փորձագիտական եզրակացություն ստացած որոշ գիտական թեմաներ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկում և ստացել համապատասխան ֆինանսավորում, պայմանագրերում հիմնարար հետազոտությունների իրականացման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ պարտավորություններ սահմանված չեն, գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով և այլն: Պարզվել է նաև, որ մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները երբեմն համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ, ինչը նշանակում է, որ միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում կատարվել է ֌32,9 մլն-ի ոչ արդյունավետ ծախս: Ընդհանուր առմամբ՝ կոմիտեում հայտնաբերվել են շուրջ ֌235 մլն-ի ֆինանսական այլ բնույթի խախտումներ։

Ի դեպ՝ թեև պետական գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են անարդյունավետ, հակամրցակցային, ոչ թափանցիկ կազմակերպված գնման գործընթացներ։ Ըստ Զաքարյանի՝ գները հաճախ որոշվում են ոչ շուկայական մեթոդներով՝ փաստացի շեղվելով շուկայական գներից: Բացի այդ՝ գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, իսկ մրցույթների մասնակիցները հիմնականում միջնորդներ են, ինչը հանգեցնում է գների բարձրացման:

Մեկնաբանել