Գերմանիան փակում է դեսպանատները մուսուլմանական երկրներում

Գերմանիայի արտգործնախարարությունը կփակի իր դեսպանատները մուսուլմանական մի շարք պետություններում, գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության ներկայացուցչին։ Այս որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ում նկատահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի (որը ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամադ մարգարեին) դեմ ուղղված հնարավոր բողոքի ակցիաներով։ Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ կփակվեն Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հյուսիսաֆրիկյան երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում ու Պակիստանում։

Տվյալ պահի դրությամբ Գերմանիայի իշխանությունները որոշել են փակել դեսպանատները միայն ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին՝ վախենալով ցույցերից ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո։ Գերմանական կազմակերպությունների և հիմնադրամների գրասենյակներում կարգադրվել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել նաև բունդեսվերը Աֆղանստանում։

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն մտահոգություն է հայտնել Լիբիայում, Եգիպտոսում, Եմենում ու մուսուլմանական այլ երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների կապակցությամբ։ Նա այդ երկրների իշխանություններին կոչ է արել ապահովել այնտեղ աշխատող դիվանագետների անվտանգությունը։ Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ հասկանում է հավատացյալների վրդովմունքը ֆիլմի կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ դա բռնության արդարացում չէ։

Ամերիկյան ֆիլմի դեմ ուղղված ցույցերը սկսվել են սեպտեմբերի 11-ին այն բանից հետո, երբ եգիպտական հեռուստատեսությամբ ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից։ Այնուհետև դրանք հայտնվեցին YouTube-ում և տարածվեցին մուսուլմանական տարբեր երկրներում։

Սեպտեմբերի 11-ին իսլամիստները հարձակում իրականացրին Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան վրա։ Նույն օրը Լիբիայի Բենղազի քաղաքում իսլամիստները հրդեհեցին ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը, որի հետևանքով զոհվեց այս երկրում Միացյալ Նահանգների դեսպանը և դեսպանատան ևս երեք աշխատակից։

Սեպտեմբերի 13-ին հակաիսլամական ֆիլմի դեմ ուղղված ցույցերը Եմենում հանգեցրել են չորս մարդու մահվան, Կահիրեում նոր ցույցերի ընթացքում տուժել է մոտ 200 մարդ։ Իսլամիստները նաև բողոքի ակցիաներ են իրականացրել Իրանում, Իրաքում, Հորդանանում, Սուդանում և Թունիսում։

Սեպտեմբերի 13-ին ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է Բեռլինում ամերիկյան դեսպանատունը։ Պարզվել է՝ տագնապը կեղծ է, սակայն ամերիկացի դիվանագետներն ու գերմանացի ոստիկանները հայտարարել են, որ ներկայիս իրադրությունում ցանկացած նախազգուշացման լրջությամբ են վերաբերվում։