Արդյունաբերության աճը դանդաղում է

Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 8,3%-ով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 21%-ով։ Հունվար-օգոստոսի կտրվածքով ցուցանիշը կազմել է 8,3%։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա յոթ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել էր 7,7%, վեց ամիսներին՝ 7,8%, հինգ ամիսներին՝ 7,4%, չորս ամիսներին՝ 7,2%, առաջին եռամսյակում՝ 6,1%։

Այս տարվա առաջին ութ ամիսներին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 13,2%։ Նշենք, որ աճի տեմպը, արդյունաբերությունում դանդաղում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոլորտում ցուցանիշը 16,4% էր, չորս ամիսների կտրվածքով՝ 15,3%, հինգ ամիսներին՝ 15%, կիսամյակի կտրվածքով 13%, իսկ յոթ ամիսներին՝ 13,4%։

Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների ոլորտում արձանագրվել 11,5% աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 10,8%, առևտրաշրջանառությունն ավելացել է 2,8%-ով։ Տնտեսության միակ ոլորտը, որտեղ անկումը պահպանվել է, շինարարությունն է (այս տարվա ութ ամիսներին անկումը կազմել է 4,1%)։

Այս հունվար-օգոստոսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $3,6 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,5%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ Ութ ամիսների կտրվածքով արտահանումն ավելացել է 11,4%-ով ($921,4 մլն-ի), ներկրումն աճել է 3,6%-ով ($2,7 մլրդ-ի)։

Նշենք, որ աճի տեմպերը դանդաղում են ինչպես արդյունաբերության ոլորտում, այնպես էլ արտահանման մասով։ Այսպես, եթե առաջին եռամսյակում արտահանման աճի տեմպը 32,5% էր, ապա չորս ամիսների կտրվածքով այն արդեն 17,8% էր, հինգ ամիսներին՝ 15,2%, կիսամյակի կտրվածքով՝ 13,5%, յոթ ամիսներին 13,1%։

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 5,5%-ով՝ հասնելով 118,2 հազ. դրամի։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 5,3%-ով՝ կազմելով 145,2 հազ. դրամ, պետական համակարգում՝ 5,4%-ով՝ կազմելով 95 հազ. դրամ։

Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 2,5%։