Հայտնում ենք մեր զուսպ գոհունակությունը ՏԻՄ ընտրություններից.ԵԽ դիտորդներ

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը:

«Միջազգային չափանիշներին համապատասխան այս ընտրությունների իրականացման կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր զուսպ գոհունակությունը` պայմանավորված տեղական կառավարման մակարդակում քաղաքական կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ֆրանսիա):

2012 թվականի սեպտեմբերի 9-ին և 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի և բավարար մասնակցության փաստը: Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել` չնայած բազմաթիվ շահագրգիռ կողմերի կողմից քվեների հնարավոր առք ու վաճառքի մասին ահազանգերին:

Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցավով արձանագրել է քաղաքական կուսակցությունների թույլ մասնակցության փաստը: Ընդունելով, որ այս իրավիճակը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ, ինչպես օրինակ` ֆինանսական միջոցների, թեկնածուների և աշխատակազմի բացակայությունը, պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարծում է, որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու ժողովրդավարությանը:

Ընդ որում, ողջունելով քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղեկցել են ընտրական գործընթացները, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում ողջ քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը միակ միջազգային դիտորդն է եղել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Առաքելությունն իրականացվել է սեպտեմբերի 6-ից 10-ը և 19-ից 25-ը: Կոնգրեսի պատվիրակությունը` բաղկացած 14 անդամներից, որոնց միացել են նաև Եվրամիության տարածաշրջանային կոմիտեի 4 ներկայացուցիչները, հանդիպումներ է ունեցել խորհրդարանի անդամների, կառավարության, քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի և միջազգային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ 2012 թ. սեպտեմբերի 9-ին Կոնգրեսի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ սեպտեմբերի 23-ին՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում:

Մեկնաբանել