Վրաստանի նախագահը կորցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունքը

Սալոմե Զուրաբիշվիլի

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է փոփոխություններ, որոնք ավելի շատ լիազորություններ են տալիս խորհրդարանին և խորհրդարանի նախագահին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կազմը որոշելու հարցում:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անցել են երրորդ ընթերցմամբ՝ 82 կողմ, երկու դեմ քվեարկությամբ։ Ընդդիմության անդամները հիմնականում ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Փոփոխություններով հաստատվում է համակարգ, որը թույլ կտա խորհրդարանի նախագահին առաջադրել ԿԸՀ-ի բոլոր թեկնածուներին՝ հիմնվելով առանձին հանձնաժողովի նախնական ընտրած թեկնածուների կարճ ցուցակի վրա, իսկ Վրաստանի նախագահը կզրկվի թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից:

Նոր համակարգը խորհրդարանին թույլ է տալիս ընտրել ԿԸՀ նախագահին, ինչպես նաև ԿԸՀ յոթ անդամներին հինգ տարի ժամկետով, ինչը զգալիորեն կրճատվել է նախորդ մոդելի համեմատ, որը թույլ էր տալիս մինչև 17 անդամի ընտրություն:

Նոր փոփոխություններով՝ խորհրդարանի խոսնակը ԿԸՀ-ի թեկնածուներին կառաջադրի մրցակցային հանձնաժողովի նախնական ընտրած թեկնածուների ցուցակի հիման վրա, որը բաղկացած կլինի ինը անդամից, այդ թվում՝ նախագահից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և ակադեմիկաններից։

Այնուհետև խոսնակի ընտրած թեկնածուները կներկայացվեն խորհրդարանին, որը վերջնական կհաստատի, թե ով է նախագահելու և ով է դառնալու ԿԸՀ անդամ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կփոխարինեն ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացրած մոդելը՝ որպես ԵՄ միջնորդությամբ կնքված գործարքի մաս, որը ներառում էր դատական և ընտրական բարեփոխումներ 2021-ի ապրիլին:

«Վրացական երազանքը» դուրս եկավ համաձայնագրից 2021-ի հուլիսին՝ դրա ստորագրումից երեք ամիս անց, բայց շարունակում էր օգտագործել ԿԸՀ-ի կազմի ընտրության մեխանիզմը։

Ո՛չ ընդդիմադիր ազդեցիկ գործիչները, ո՛չ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն մեկնաբանել նոր փոփոխությունները դրանց ընդունումից հետո:

Զուրաբիշվիլին խոստացել էր վետո դնել օրենքի վրա մայիսի 10-ին, քայլ, որն առնվազն կհետաձգի դրա կիրարկումը:

«Թեկնածուներին ընտրելիս նախագահը առաջնորդվում է նրանց անկախության և անաչառության աստիճանով։ Նախագահը կասկածի տակ չի դնում նրանց որակավորումը, բայց սկզբունքորեն կարծում է, որ նման պաշտոններում միակուսակցական նշանակումները հակասում են պետականությանը և եվրոպական ապագային։ Ուստի նախագահը վետո կդնի նաև այս օրենքի վրա»,- ասված էր Զուրաբիշվիլիի մայիսյան հայտարարության մեջ։

Մեկնաբանել